00:00:00

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

22:14, 24 հունիս 2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Գոռ Գեւորգյանը եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թիենի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Անուշ Բեղլոյանը նշել է, որ Վիետնամը մեր երկրի համար կարեւոր գործընկեր է, եւ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկու երկրների միջեւ  համագործակցության հեռանկարները: Պատգամավորն ընդգծել է Հայաստանի` արեւմուտքի եւ արեւելքի միջեւ  գտնվելու աշխարհագրական դիրքը եւ նշել, որ դա դրական ազդեցություն  կարող է ունենալ   առեւտրային ու տրանսպորտային ուղիների տեսանկյունից փոխգործակցության  զարգացման գործում: Անուշ Բեղլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Հայաստանի եւ Կորեայի կառավարությունների միջեւ ստորագրված ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը, որը հեշտացված առեւտրային տարրեր է ենթադրում ավիացիայի եւ  ռազմարդյունաբերության ոլորտներում: Ըստ պատգամավորի՝ հաշվի առնելով Վիետնամի եւ Կորեայի Հանրապետությունների միջեւ եղած բարիդրացիական հարաբերությունները,  երկկողմ համագործակցության հեռանկարներ  են բացվում նաեւ այս համաձայնագրի շրջանակում: Վիետնամի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է իր  երկրի տնտեսական ցուցանիշները, կարեւորել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հատկապես ընդգծել է զբոսաշրջության զարգացման  ու օդային ուղիղ չվերթների իրականացման հարցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր