00:00:00

Գարեգին Բ-ն հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին

19:46, 08 հունիս 2019

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի հետ: Միտրոպոլիտ Պավելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եւ, առաջիկա օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, կծանոթանա Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաեւ կայցելի տարբեր վանքեր ու պատմական վայրեր: Հանդիպմանը ներկա էր Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը: Ուրախություն հայտնելով Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Պավելի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ այն ոչ միայն անձնական բարեկամական ու ջերմ կապերի վերահաստատումն է, այլեւ միտված է նպաստելու Եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների եւ գործակցության առավել զորացմանը: Նորին Սրբությունը վերհիշեց Մոսկվայի հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում միտրոպոլիտի եւ իր ուսումնառության տարիները, անցած հոգեւոր ծառայության ուղին: Վեհափառ Հայրապետը կարեւորեց նման այցելությունները` անդրադառնալով նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ունեցած պարբերական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցիների առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները: Իր հերթին Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Պավել միտրոպոլիտը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հաստատեց, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում է այցելել Հայաստան: Միտրոպոլիտը նաեւ նշեց, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու անցած դժվարին ու հերոսական պատմական ուղուն եւ իր ծառայության տարբեր վայրերում մշտապես առնչվել է Հայոց Եկեղեցու կառույցների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբազնությունը Հայոց Հովվապետին ներկայացրեց նաեւ Բելառուսում Ուղղափառ Եկեղեցու գործունեությունն ու հոգեւոր կյանքի ներկայիս կացությունը: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւս անդրադարձ կատարեց Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայոց Եկեղեցու ջանքերին եկեղեցական կառույցների վերականգնման, հոգեւորականների պատրաստության եւ եկեղեցաշինության ոլորտներում: Մասնավորապես խոսվեց Միածնաէջ Մայր տաՃարի ամրակայման եւ վերանորոգության աշխատանքների մասին: Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը հոգեւոր եղբորն ի Քրիստոս մաղթեց արեւշատ կյանքի երկար օրեր եւ արդյունավետ գործունեություն ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու եւ ի մխիթարություն Բելառուսի հավատավոր ժողովրդի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր