00:00:00

«Տուն տանելու չի, քնելա հետս». երիտասարդը սպանել է իր կույս ընկերուհուն վարկաբեկող ընկերոջը

03:55, 23 մարտ 2018 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գոռ Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Գոռ Սարգսյանը մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում: 25-ամյա Գոռը հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Աղջկա «թեմայով» են խոսել՝ Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին: Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: 2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ: Գոռը նախաձեռնել ու 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում հանդիպել է աղջկա նախկին ընկեր Ազատին: Վերջինս նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել. «Տուն տանելու աղջիկ չի, քնելա ինձ հետ»: Գոռը նեղվել ու աղջկան տարել է բժշկական հետազոտության: Ըստ բժշկի՝ աղջիկը կույս է եղել: Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին զայրացրել է: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա: Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռը նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին, աջ աչքի շրջանում Ազատին վնասվածք է պատճառել: Այնուհետև Գոռը դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ: Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով, տաքսիով հասել է Արեշ, հետո մեկնել է Սևան… Ազատ Ա.-ն դանակահարված վիճակում, կուրծքը բռնած՝ կարողացել է ընդառաջ գնալ համալսարանի հետնամասում սպասող ընկերներին: Նա հասցրել է ասել. «Սկոռի կանչեք, մեռնում եմ», և տապալվել է գետնին: Ազատին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է: Ապրիլի 9-ի վաղ առավոտյան Գոռ Սարգսյանը ներկայացել է ոստիկանության բաժին: Գործով անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Գոռ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, ըստ դատական հոգեբանի՝ դեպքի պահին փորձաքննվողը եղել է լարված, բայց ոչ՝ ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Մեղադրող դատախազը միջնորդել էր Գոռ Սարգսյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 11 տարի ազատազրկման: Տուժողի իրավահաջորդը պահանջել էր՝ «ինչպես սառնասիրտ սպանել է Գոռը, այնպես սառնասիրտ էլ նրան պատժել»՝ դատապարտել 15 տարի ազատազրկման: Ամբաստանյալի շահերի պաշտպանների կարծիքով՝ Գոռ Սարգսյանի արարքը սխալ էր որակված՝ նա արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, այդ արարքի համար էլ պետք է պատասխանատվության ենթարկվի: Դատարանի կողմից արարքը չվերաորակելու, Գոռ Սարգսյանին դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչելու դեպքում պաշտպանները միջնորդել էին նրան դատապարտել հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատժի: Ընդհանուր իրավասության դատարանը Գոռ Սարգսյանին մեղավոր էր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել էր 9 տարի ազատազրկման: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել տուժողի իրավահաջորդն ու ամբաստանյալի շահերի պաշտպանները: Տուժողի իրավահաջորդը իր բողոքում նշել է, թե առաջին ատյանի դատարանը գնահատական չի տվել գործով վկայի կարգավիճակ ունեցող, Գոռի ու Ազատի վիճաբանության պատճառ դարձած աղջկա արարքին՝ վերջինս տվել է հակասական ցուցմունքներ: Այդ աղջիկը տետրի մեջ դրված գրություն է տվել Ազատին, որտեղ գրված է եղել. «Հանում եմ Ազատի շորերը, հանում եմ իմ շորերը ու իմ ձեռքերով երկարացնում եմ…»: Տուժողի իրավահաջորդը նշել է՝ դատարանն այս տողերին ուշադրություն չի դարձրել, բայց դրանք են, որ հասցրել են նման ծանր հետևանքների: Տուժողի իրավահաջորդը համոզմունք է հայտնել, որ Գոռ Սարգսյանի կողմից կատարվել է իր որդու կանխամտածված սպանություն՝ նա հանդիպման գնալով՝ հետը դանակ էր վերցրել ու դիտավորյալ էլ հարվածել է այդ դանակով՝ հենց Ազատի սրտին: Բողոքաբերը նշել է՝ արարքի որակման սխալը նախաքննական թերություններից է բխում, իսկ առաջին ատյանի դատարանի թույլ տված բացթողումները հանգեցրել են նրան, որ սխալ որակված արարքի համար նաև նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ: Դատավճիռը, ըստ տուժողի իրավահաջորդի, ենթակա է փոխփոխման՝ պատիժն ակնհայտ մեղմ լինելու հիմքով: Տուժողի իրավահաջորդն իր բողոքում խնդրել է Գոռ Սարգսյանին դատապարտել 15 տարի ազատազրկման: Գոռ Սարգսյանի շահերի պաշտպանները, նշելով նախաքննական ու դատաքննական մի շարք խախտումներ, հետևության են հանգել, որ Գոռ Սարգսյանի արարքը պետք է որակվեր որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, այդ արարքի համար էլ պետք է նրա նկատմամբ համաչափ պատիժ նշանակվեր: Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ Գոռ Սարգսյանի արարքը՝ դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ճիշտ է որակված: Սակայն առաջին ատյանի դատարանը սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանին, հանցագործության կատարման եղանակին: Վերաքննիչ դատարանը Գոռ Սարգսյանի շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխվել է պատժի մասով՝ պատիժը խստացնելու առումով: Գոռ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Պատժի կրման սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 9-ից: Նյութի աղբյուրը՝ 1in.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր