Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Տոնը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին։ Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Ամեն ինչ սկսվել է անցած դարի սկզբին։ Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել: Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն: Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին: Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։
Վաղ առավոտից քաղաքական ու հասարակական գործիչները, հայտնի աստղերը տարբեր շնորհավորանքներ են հղում մանուկներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Irakanum.am-ն առանձնացրել է շնորհավորանքներից մի քանիսը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Եւ կեցցե՚ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»։
Մաղթանք հղել է նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորում է երեծաների պաշտպանության միջազգային օրը: «Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պաշտոնապե՜ս: Իսկ ոչ պաշտոնապես, յուրաքանչյուրիս սրտի կանչով ու սիրո չափով, ամե՜ն օրն է նրանցը, ամեն ժամը, ամեն վայրկյանը:Երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև՝ ներկան, և ամեն պահի է ամեն ինչ արվում երեխաների համար:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, գրելով․ «Շնորհավորում եմ մեր կյանքի ամենակարևոր մարդկանց տոնը»։
Աբովյանի քաղաքապետի թեկնածու, ՔՊ անդամ Գրիգոր Գուլյանը եւս ընտանեկան լուսանկար է հրապարակել, կից անելով հետեւյալ գրառումը․
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին այս երկու պայծառ օրերի առթիվ:
Երեխաներին պետք է պաշտպանել ու գուրգուրել ամեն օր: Պետք է հիշել, որ նրանք չափազանց փխրուն արարածներ են ու հասկանում եմ ամեն ինչ:
Մեր փոքրիկները պիտի մեծանան խաղաղ միջավայրում ու ստանան ճիշտ դաստիարակություն: Չէ՞ որ հենց նրանք են մեր պետականության վաղվա կերտողներն ու մեր հպարտությունը:
Ապրե´ք անամպ երկնքի տակ, սիրելի´ երեխաներ, թող ձեր աչքերում երբեք չխամրի հույսն ու հավատը դեպի պայծառ ապագան:
Շնորհավո՜ր
Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը շնորհավորել է մանուկների միջազգային օրը, սոցցանցի իր էջում գրելով․ «Բալիկնե՛ր ջան, ամենալուրջ մարդիկ երբեմն երազում են ձեր կոշիկի մեջ հայտնվելու մասին:
Թումանյանից լավ ոչ ոք չի ասել՝
Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
Շնորհավոր … Ձեզ խաղաղ ու անվտանգ երկինք եմ մաղթում.
Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Երգչուհի Իրինա Հարությունյանը եւս միանում է հնչող շնորհավորանքներին․ «բոլոր բալիկներին մաղթում եմ առողջ լինեն, անհոգ եւ ուրախ մանկություն ունենան։ Թող ոչ մի խոչընդոտ չլինի նրանց կյանքում։ Շնորհավոր ձեր տոնը հրեշտակներ ջան»,- մաղթել է երգչուհին։
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյան։
Շնորհավորում եմ աշխարհի բոլոր փոքրիկներին այս հրաշալի տոնի առիթով: Ցանկանում եմ անամպ երկինք, խաղաղ մանկություն ու երազանքների իրականացում: Թող ամառային այս օրը ժպիտներ պարգևի Ձեզ ու Ձեր ողջ կյանքը տոնի վերածվի:
Irakanum.am-ը եւս միանում է հնչած մաղթանքներին, աշխարհի բոլոր երեխաներին մաղթելով պայծառ ու լուսավոր օրեր, անհոգ մանկություն։