00:00:00

Քրգործեր. Հափշտակել են համայնքներին էժան գնով տրվող սերմացուն

18:32, 22 մարտ 2018 Իրավական

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաև տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա , Ձյունաշող համայնքների (ներկայումս մաս են կազմում Մեծավան խոշորացված համայնքի) իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող փաստական տվյալներ: Պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի և ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները 2018 թվականի մարտի 16-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի  բաժին` ՀՀ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Լոռու մարզի Միխայլովկա համայնքի իրավասու պաշտոնատար անձինք պարարտանյութերի բաշխման գործընթացում, մեկ միասնական դիտավորությամբ 2014-2016 թվականների  ընթացքում պարարտանյութերի վաճառքից համայնքի թվով 8 բնակիչներից ստացել են խոշոր չափերի գումար, որից հետո, շահադիտական դրդումներով, պարարտանյութի դիմաց համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները  մատակարար կազմակերպության բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են: Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր կողմից փաստացի վաճառված պարարտանյութի համար հավաքագրված գումարի  հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Միխայլովկա համայնքում յուրաքանչյուր պարարտանյութի դիմաց վճարում կատարած ցուցակներում չի արտացոլել հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարի իրական չափի վերաբերյալ տեղեկություններ և շրջանառության մեջ դնելով բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը՝ ներկայացրել է Լոռու մարզպետարան: Միաժամանակ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարը, աշնանացան ցորենի բաշխման գործընթացում, նպատակ ունենալով հափշտակել համայնքի  բնակիչներին հասանելիք սերմացուն, 2014-2016 թվականների ընթացքում նույն համայնքի շահառու 4 բնակիչների տվյալները ձևականորեն ներառել է  պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում և նրանց անվամբ դուրս գրված սերմացուն  վերջիններիս չի հատկացրել, այլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է: Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր կողմից ցորենի սերմացուի  հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել է Լոռու մարզպետարանին: Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով գույքի հափշտակության, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. մարտի 21-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ  կետերով և  314-րդ  հոդվածի 1-ին մասով հարուցվել են երկու առանձին քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր