00:00:00

Բլեֆ է, որ զինվորների հագուստը 100 տոկոսով ապահովվում է․ Նաիրա Զոհրաբյան

02:54, 24 մայիս 2019

Օրերս ֆեյսբուքում հայտնվեց ադրբեջանցի զինվորների հրապարակած լուսանկարը, որում վերջիններս շարասյունով գրել էին «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասե՛ք մեզ»։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ այս լուսանկարը չարժեր այսքան ուռչացնել։ «Այս գրառումն ինձ համար ոչինչ է։ Ես շատ ավելի վտանգավոր եմ համարում Ալիևի հայտարարությունը, երբ նա ասում է՝ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի ընդամենը առաջին փուլը և մենք պատրաստ ենք խնդիրը ռազմական ճանապարհով լուծել։ Շատ ավելի վտանգավոր եմ համարում Ալիևի հայտարարությունը, որ Երևանը ադրբեջանական տարածք է ու իրենք նշում են՝ ռազմական ճանապարհով են այդ խնդիրը լուծելու։ Իսկ որ ինչ-որ կիսախելագար օգտատեր նման հրապարակում է անում, ինձ նման բաներով ո՛չ կարելի է զարմացնել, ո՛չ էլ այստեղ ինչ-որ ահասարսուռ բան եմ տեսնում։ Սա իրենց պետական քարոզչության մի բաղադրիչն է, իսկ այդ քարոզչության հիմքը արմենաֆոբիան է, հայատյացությունը․ դա նոր չէ, որ բացահայտել ենք, ուստի զարմանալ ու ասել՝ տեսե՛ք ՝ ինչ է կատարվում, ճիշտ չէ։ Նման բաներ կատարվում են ամեն օր՝ տասնյակ տարիներ շարունակ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս շեշտեց՝ հաճախ է լինում առաջնագծում։ Պատգամավորի խոսքով՝ առաջնագծում որոշակի բարելավումներ նկատվում են իշխանափոխությունից հետո։ «Առաջնագծում բարելավումներ եղել են, այո՛․ այդ հարցում համաձայն եմ վարչապետի հետ։ Բայց մենք լրջագույն խնդիր ունենք առաջնագծի կահավորման հարցում, ու բազմաթիվ խնդիրներ դեռևս շարունակում են մնալ չլուծված։ Իսկ հագուստների հետ կապված՝ բլեֆ է, որ զինվորների հագուստը 100 տոկոսով ապահովվում է։ Հենց երեկ իմ ծանոթներից մեկը էլի՛ Ֆիրդուսի շուկայից զինվորի հագուստ, ներքնաշորեր էր գնել, ուղարկել զինվորին։ Մտե՛ք այդ շուկան և կտեսնեք՝ գրված է «զինվորի հագուստ»։ Վերջերս դարձյալ առաջնագծում էի։ Քանիցս բարձրացրել եմ պահածոյացված խայտառակ ռագուի հետ կապված հարցը։ Զինվորներին տրվող այդ ռոգուից ինքս փորձել եմ և ասեմ՝ բախտս բերեց, որ կարողացա արագորեն դեղերով ու ջրով ստամոքսս մաքրել, որովհետև դա ուղղակի ուտելու բան չէ, հատկապես՝ ամռանը։ Որքանով տեղյակ եմ, այդ չարաբաստիկ ռագուի հարցը արդեն կարծես թե վարչապետը ևս բարձրացրել է և պաշտպանության նախարարը տեղյակ է, այս հարցը օրակարգում է։ Հույս ունեմ, որ զինվորների սննդակարգից այդ ռագուն անպայմանորեն կհանվի», - եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր