ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ընդամենը մեկ հանձնարարական է տվել: Սա թերեւս Կարապետյանի՝ կառավարության ղեկավարի պաշտոնում աշխատելու ժամանակաշրջանում եզակի նիստերից է, որ վարչապետը կաբինետի անդամներին եւ հասարակությանը չի ձանձրացրել ոչինչ չասող հանձնարարականներով: Նշենք, որ Կարեն Կարապետյանը կառավարության յուրաքանչյուր նիստի ժամանակ մի քանի հանձնարարական էր իջեցնում, սկսած նրանից, որ չի կարելի փողոցները կեղտոտել, անթրաշ ու «չստիկով» վարորդներ չպետք է լինեն եւ այլն: Հետո Կարապետյանը հանձնարարում էր մեկ անգամ եւս ուշադրություն դարձնել հանձնարարականների կատարման հարցում, եւ այսպես շարունակ:
Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել Կարեն Կարապետյանի կառավարության հրաժարականին: Հայաստանի նոր վարչապետի անունը հայտնի է: Կարապետյանի փոխարեն երկիրը կունենա նոր վարչապետ: Նա մեկ «հավելումով» Սերժ Սարգսյանն է:
Կարեն Կարապետյանը քաջ գիտակցում է, որ նրա հեռանալուն հաշված օրեր են մնացել, եւ ըստ էության իրեն նեղություն չի տալիս անգամ հանձնարարականներ հնչեցնելու հարցում: Նախկին «դրայվը» մարել է: Սա ինքնին ունի իր տրամաբանական բացատրությունը: Կարեն Կարապետյանը որքան էլ ակներեւ ցույց չտա նեղացած է ՀՀԿ-ից, եւ անձամբ Սերժ Սարգսյանից: Կարապետյանի ներդրումը խոստովանենք մեծ էր ՀՀԿ-ի՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում զգալի թվով ձայներ հավաքելու գործում: Ըստ երեւույթին Կարապետյանը նույնպես հավատացել էր Սերժ Սարգսյանի այն վստահեցմանը, թե նա չի հավակնում վարչապետի պաշտոնին: Կարապետյանը լծվել էր հեղինակազրկված ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացնելու անշնորհակալ գործին:
Հիմա Կարեն Կարապետյանը շարունակում է պնդել, թե պատրաստ է լինել Հայաստանի վարչապետ: Հայաստանի վարչապետի պաշտոնին շատերն են պատրաստ, սակայն խնդիրը բնավ պատրաստ լինելու մեջ չէ:
Կառավարության դռները փակվեցին ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի առջեւ ավելի շուտ, քան կփակեին լրագրողների առաջ: Կարապետյանին մնում է բավարարվել այն առաջարկով որը կարվի իրեն: Եթե այդպիսիք լինեն:
Փայլակ Ֆահրադյան