ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Կիրակոսյանը պնդում է ԲԴԽ անդամը հրաժարվում է արդարադատություն իրականացնել: Irakanum.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ դեռեւս 2017 թվականի նոյեմբեր ամսին դատարան է ներկայացրել երկու բողոք, հայտնելով, որ իր պաշտպանյալ Ա.Կ-ի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ապօրինի, իսկ հարուցման նախորդած ժամերի ընթացքում Ա.Կ.-ի նկատմամբ իրավապահների կողմից բռնություն է գործադրվել:
«Բողոքները վարույթ են ընդունվել դատավոր Արմեն Բեկթաշյանի կողմից, նշանակվել են բազմաթիվ նիստեր, որոնցից ոչ մեկը չի կայացել: Դատախազը նյութերը չի ուղարկել, դատավորը խորհրդակցական սենյակում է, դատախազը չի ծանուցվել ու էլի եսիմ ինչ: Արդեն անցել է շուրջ 5 ամիս այն դեպքում, երբ նման բողոքները պետք է քննվեն 10 օրյա ժամկետում»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ լավ է հասկանում նիտերը ձախողելու պատճառները:
«Չի ցանկանում քննել, քանի որ ապագա որոշումը այլընտրանք չունի: Մարդուն գրեթե խոշտանգել են, հետո ապօրինի քրեական գործ են հարուցել ու իբր 8 ամիս քննում են՝ մեղքի ապացույցներ որոնելով ու մինչեւ օրս չեն գտնում: Այլ կարծիք չունեմ. լավ հասկանում եմ, որ դատարանը դիլեմմայի մեջ է, մի կողմից օրինական բողոք, մյուս կողմից դատախազի ու քննիչի շահեր, սակայն սա այդ դեպքը չի: Մարդը ենթարկվել է խոշտանգումների ու ապօրինի քրեական պատասխանատվության ու դատարանը պարտավոր է դրա գնահատականը տալ, այլ ոչ «լավամարդ-վատամարդ» խաղա մարդու ճակատագրի ու առողջության հաշվին»:
Irakanum.am