00:00:00

ՔԿ-ն բացահայտել է 66-ամյա կնոջ մահվան դեպքը. մեղադրանք է առաջադրվել ազգականին

21:29, 15 մայիս 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին: 2018 թվականի սեպտեմբերի 17-ին` ժամը 11.40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Կապանի բաժին ահազանագ է ստացվել այն մասին, որ շտապ բուժօգնության մեքենայով մահացած վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել Կապան քաղաքի՝ 1953թ. ծնված բնակչուհին՝ ծանր գանգուղեղային տրավմա, արյունահոսող պատռվածք վերք, վերին վերջույթներում ճանկռվածքներ ախտորոշմամբ։ Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: 66-ամյա կինը ճանաչվել է տուժող: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես` հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հավանական ականատեսներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատամատնադրոշմային, համալիր դատահետքաբանական, դատակենսաբանական, դատանյութագիտական, ինչպես նաև՝ դատագենետիկական փորձաքննություններ, հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի հետ անմիջական առնչություն ունի տուժած կնոջ ազգականը, ով հանդիսանում է Կապան քաղաքի բնակիչ՝ ծնված 1966 թվականին: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2018թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Կապան քաղաքի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող աստիճաններին տղամարդը հանդիպել է 66-ամյա կնոջը, նրանից գումար խնդրել և մերժում ստանալուց հետո, դրամապանակը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, փորձել է այն վերցնել վերջինիս ձեռքից: Հանդիպելով կնոջ դիմադրությանը՝ քաշքշել է նրան, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող աջ նախաբազկի շրջանի ճանկռվածքներ: Քաշքշուկի հետևանքով կինը, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել աստիճանահարթակին, գլխով հարվածել գետնի անհարթ մակերեսին և ստացել փակ, բութ գանգուղեղային վնասվածք, ինչն էլ վերջինիս մահվան պատճառ է դարձել: Վայր ընկնելուց հետո տղամարդը բացահայտ հափշտակել է կնոջ դրամապանակը, դրա մեջ եղած գումարը և նրան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել: Նախաքննության ընթացքում անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության, նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցների արդյունքում տղամարդը խոստովանել է իր կողմից առերևույթ կատարված հանցագործության փաստը: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տղամարդը հաշվառված է «Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ ընկերությունում` անձի օրգանական խանգարում ախտորոշմամբ: Նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Հափշտակված գողոնը նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր