00:00:00

Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին և Ժան-Կլոդ Յունկերին

02:15, 11 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգարժան պարոն Տուսկ, Հարգարժան պարոն Յունկեր, Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը նշանավորվում է Եվրոպայում խաղաղության ու անվտանգության, ժողովուրդների բարեկամության և միասնության, տնտեսական և սոցիալական բարեկեցության հաստատմամբ: Երկրորդ աշխարհամարտից հետո միացյալ Եվրոպայի ստեղծումը փաստեց, որ առաջադեմ, զորեղ և խաղաղասեր հասարակությունները խարսխված են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարության սկզբունքների վրա: Եվրոպական արժեքները մեզանում լավագույնս դրսևորվեցին ուղիղ մեկ տարի առաջ, երբ հայ ժողովուրդն իր վճռական քայլը կատարեց՝ հիմք դնելով մեր երկրում ինստիտուցիոնալ և համապարփակ ժողովրդավարական համակարգի զարգացմանը։ Մենք կարևորում ենք ՀՀ-ԵՄ համընդգրկուն համագործակցությունը և այդ համագործակցությունը կանոնակարգող՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը: Վստահ եմ, որ այդ առանցքային փաստաթղթի իրագործումը, որը լիարժեքորեն համահունչ է մեր որդեգրած արժեքներին, ինչպես նաև մեր կառավարության ձեռնարկած լայնածավալ բարեփոխումների օրակարգին, առավելագույնս կնպաստի մեր երկրում ժողովրդավարության ու սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Հաշվի առնելով, որ այս տարի մենք տոնում ենք Արևելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարեդարձը, ցանկանում եմ իմ գնահատանքը հայտնել այն ներդրման համար, որ համագործակցության այդ ձևաչափն ունեցել է մեր երկրի և առհասարակ տարածաշրջանի բարգավաճման և կայուն զարգացման հարցում: Լիահույս եմ, որ Արևելյան գործընկերությունը կգրանցի նորանոր ձեռքբերումներ և կշարունակի իր հաստատակամ զարգացումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր