Արարատի մարզի Նորամարգ համայնքի բնակիչները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում համայնքի կենտրոնում: Araratnews.am-ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնող գյուղաբնակները, որոնց թվում են նաեւ ուսանողներ, հայտնեցին, որ դժգոհության պատճառը գյուղից Մասիս քաղաք տանող երթուղային տրանսպորտի սակագնի բարձրացումն է: Նախկինում Նորամարգ համայնքից Մասիս քաղաք գյուղաբնակները հասնում էին, վճարելով 100 դրամ, եւս 20 դրամ էլ վճարում էին գյուղի երեխաներին մանկապարտեզ տեղափոխելու համար: Հիմա սակայն տրանսպորտի սակագինը բարձրացել է՝ հասնելով 150 դրամի:
Մեզ հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնող գյուղաբնակները հայտնեցին, որ գյուղից Երեւան տանող երթուղին եւս հրաժարվել է սպասարկել իրենց՝ պատճառաբանությամբ, որ գյուղ տանող ճանապարհները անբարեկարգ են: «Տրանսպորտի գիծը մեր մոտ չի աշխատելու, այլ աշխատելու է Հովտաշենում, որովհետեւ այդ գյուղի գյուղապետն ու բնակիչները բողոքել են, իսկ մեր գյուղապետը ոչնչով չի աջակցում, եւ, բացի այդ, տրանսպորտի գնի անհիմն բարձրացում է տեղի ունեցել«,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը: Հավաքվածների խոսքով՝ Նորամարգից դեպի Մասիս տանող ճանապարհը ընդամենը 5 կմ է, բայց իրենք ստիպված են վճարել 150 դրամ: «Ոչ մի իրավական ակտով սահմանված չէ, որ մենք պետք է վճարենք 150 դրամով: Մենք զանգել ենք տրանսպորտի եւ կապի նախարարություն, այնտեղից հայտնել են, որ տեղյակ չեն գնային բարձրացումից: Վարչության պետի հետ ենք խոսացել, ասել են՝ հարցին լուծում կտան, բայց տեղյակ չեն, որ թանկացել է»,- ասաց գյուղի բնակիչներից մեկը:
Գյուղաբնակները հայտնում են, որ խնդրի մասին տեղյակ է գյուղապետ Սարգիս Գալստյանը, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկել:
Զրուցեցինք նաեւ գյուղապետի հետ: Սարգիս Գալստյանը հայտնեց, որ տեղյակ է խնդրի մասին: «Թանկացումը պայմանավորված է… մրցույթ էր հայտարարվել, եւ մասնակցել է մեկ ընկերություն, հարցը բարձրացրել եմ ես, բայց լուծում չի ստացել»,- ասաց համայնքի ղեկավարը: Հարցին, թե որ ընկերությունն է շահել մրցույթում, գյուղապետն ասաց, թե տեղյակ չէ, միայն գիտի, որ մրցույթը տվյալ ընկերությունը շահել է 150 դրամով սպասարկման գնացուցակով:
Գալստյանի խոսքով ՝ գնային բարձրացումը լրացուցիչ բեռ է համայնքաբնակների վրա, սակայն այս պահին որեւէ բան անել չեն կարող: Գործող գյուղապետն ասաց, որ հարցի լուծումը տեսնում են ճանապարհները վերանորոգելու մեջ: Ըստ նրա՝ գտել են բարերար, ով խոստացել է գումարներ ներդնել եւ ապրիլին գյուղ տանող ճանապարհները բարեկարգել:
Նշենք, որ մարտի 11-ին Արարատի մարզի Նորամարգ համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրվել է երեք թեկնածու: Գյուղապետի պաշտոնին հավակնողների շարքում չկա գործող գյուղապետը: Թերեւս սրանով է բացատրվում նաեւ այն հանգամանքը, որ գործող համայնքապետին այլեւս չեն հետաքրքրում գյուղի խնդիրները:
Նյութի աղբյուրը՝ Araratnews.am