Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան կհիմնվի: Նշվում է, որ թանգարանը բացվելու է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում:
Այս մասին թուրքական աղբյուրին տված հարցազրույցում հայտնել է Վաքըֆլը գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը:
Նա նաև նշել է, որ թանգարանի հիմնադրման համար դրամական աջակցություն են ստացել «Արևելյան միջերկրկանի զարգացման գործակալությունից» (DAKA), սակայն դեռ էլի ունեն օգնության կարիք:
Նրա փոխանցմամբ` թանգարանում կներկայացվեն Վաքըֆլըի մշակույթը, լեզուն, պատմությունը, ճաշատեսակները, խաղերը և այլն:
«Իրականում այս թանգարանում մենք պատմելու ենք և հայկականության, և քրիստոնեության մասին, քանի որ նույնիսկ համալսարան ավարտածները հարցնում են հայկականությունը կրոն է, թե՞ ազգություն: Հարցնում են՝ հայերը Հայաստանի՞ց են եկել, ո՞րն է մեր կրոնը: Մենք կարիք ունենք պատմելու, որ մենք այս տարածքների հնագույն ժողովուրդն ենք»,-ասել է Չափարը:
Ըստ Ջեմ Չափարի` թանգարանի աշխատանքների նպատակներից մեկը մշակույթի թվայնացումն է:
«Այսինքն այս աշխատանքների առաքելությունը կլինի այն, որ մարդկանց հիշողությունները, հուշերը, կենցաղը, ընտանեկան լուսանկարները, նամակները թվայնացնելով կկանխվի դրանց ոչնչացումը»,-ընդգծել է նա: