Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բակի՝ քաղաքացիների համար բաց հատվածում պատգամավորներն ու Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական բարեկամության ծառուղի հիմնեցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծառատունկին ներկա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարևորեց հենց ծառատունկի խորհուրդը:
«Սա շատ խորհրդանշական բնույթ ունի, և հերթական անգամ գալիս է հավաստելու, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի և խարսխված է փոխադարձ համակրանքի, հարգանքի վրա: Շատ խտացված, խորհրդանշական բնույթ ունի նաև ծառուղու հիմնումը»,- ասաց Միրզոյանը:
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով` արևոտ եղանակը խորհրդանշում է երկու երկրների ջերմ հարաբերություններն ու լուսավոր ապագան:
«Այսօրվա արևոտ եղանակը վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները լուսավոր և պարզ ապագա ունեն, որը հիմնված, արմատավորված է մեր երկու երկրների ու ժողովուրդների դարավոր ընկերությամբ»,- նշեց Կոպիրկինը:
Ծառուղին հիմնվել է խորհրդարանում ռուսական համայնքի ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ: Ծառատունկի համար նախատեսված կեչիները բերվել են Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից: