Ռուսաստանում ձերբակալված Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն ապահովելու համար Գլխավոր դատախազությունն իրականացնում է անհրաժեշտ ընթացակարգերը։ Այս մասին երեկ հայտնել են կառույցի լրատվական ծառայությունից, հավելելով, որ պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում կներկայացնեն ռուսական կողմին:
Թե որքան ժամանակ կտեւի այս գործընթացը չի հստակեցվում։ Այս ամենին զուգահեռ Irakanum.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Միհրան Պողոսյանը հանդիսանում է նաեւ ՌԴ քաղաքացի, եւ հետեւաբար արտահանձման հարցում հնարավոր է որոշակի խնդիրներ առաջանան։ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկատվություն սակայն ոչ գլխավոր դատախազության եւ ոչ էլ Հատուկ քննչական ծառայությունում չունեն։ Irakanum.am-ին իրավապահ այս կառույցներից փոխանցեցին, որ իրենք նման ինֆորմացիա չունեն։
Հիշեցնեն, որ Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Սերժ Սարգսյանի իշխանության թիմակից, գեներալ մայոր Միհրան Պողոսյանը, որ Պանամայի օֆշորի սկանդալի կիզակետում էր հայտնվել դեռևս Հանրապետականի իշխանության օրոք, անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց օֆշորի գործով: ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ դատարանն էլ բավարարեց նրան կալանավորելու միջնորդությունը:
Ի դեպ ՌԴ քաղաքացի է նաեւ հետախուզման մեջ գտնվող ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։
Irakanum.am