ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ապրիլի 22-ին ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ նախարարության՝ որպես պետական գործընկերոջ, սիրիական հակամարտության արդյունքում տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու հարցում արդեն ավանդական դարձած համագործակցությանը, առաջիկա փոխգործակցության հեռանկարներին և ուղղություններին:
Աննա-Կարին Օստը հետաքրքրվեց նախարարության հետագա կարգավիճակի և այդ դեպքում համատեղ աշխատանքերի ընթացի մասին: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը վերակազմավորվում է, և վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որն առավելապես համակարգման գործառույթ է ունենալու մյուս նախարարությունների, գերատեսչությունների՝ սփյուռքի գծով աշխատանքներում: Գրասենյակը ծրագրեր չի իրականացնելու, սակայն վստահաբար առկա համագործակցությունը կշարունակվի նաև այդ ձևաչափում:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ընդգծեց՝ ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակելու է աջակցել կառավարությանը երկրում սիրիահայերի, փախստականների կարգավիճակ ունեցող անձանց իրավական, սոցիալ-տնտեսական և մշակութային ինտեգրման դյուրինացմանը: Այդ ուղղությամբ հայաստանյան գրասենյակը ինտեգրման և ինքնաբավ կենսակերպ վարելու բարելավման համար ապահովում է կրթական լայն հնարավորություններ, կազմակերպում լեզվական խոչընդոտները հաղթահարելուն միտված դասընթացներ, մասնագիտական կուրսեր՝ զուգորդված աշխատանքային շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ գործիքների տրամադրմամբ: