Վաղը՝ ապրիլի 23-ին կլրանա Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին։ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»,- մեկ տարի առաջ հրաժարականի իր տեքստում ասել էր Սարգսյանը։
Անցնող մեկ տարվա ընթացքում Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային որեւէ ելույթ չի ունեցել, հարցազրույցներ, ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մամուլին չի տվել։ Ընդամենը մեկ անգամ ԶԼՄ-ներից մեկի հարցադրմանը, թե ե՞րբ կխոսի, ասել էր, որ ժամանակը կգա այդ ժամանակ էլ կխոսի։
Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ հրաժարականից հետո Սերժ Սարգսյանի առաջին հարցազրույցը տեղի կունենա ապրիլի 23-ին։ Սակայն ՀՀԿ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը վաղը ոչ հայտարարությամբ, եւ ոչ էլ հարցազրույցով հանդես չի գա։ Միաժամանակ ՀՀԿ-ականները հայտնում են, որ Սարգսյանի հրապարակային ելույթը շատ չի ուշանա, եւ առաջիկայում նա հանդես կգա ծավալուն մեկնաբանություններով։ «Սերժ Սարգսյանը կխոսի եւ ոչ մի անգամ»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը։
Irakanum.am