Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ժամը 12:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի թիվ 66 և 68 բազմաբնակարանային շենքերի հարևանությամբ գտնվող ջրանցքի պատվարը փլուզվել է և ջուրը ափերից դուրս է հոսում դեպի ճանապարհ ու բնակելի հատված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ ջրանցքի երկաթբետոնե պատնեշը փլուզվել է և մի մասն էլ ունի փլուզման վտանգ: Փրկարարների կանչով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հակոբյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Խաչատրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրը արդեն վտանգ է իրենից ներկայացնում ու եթե պատկան մարմինները կարճ ժամանակում խնդիրը չլուծեն, ինչպես նաև ջրանցքի վայրով անցնող երկաթե հատվածի կողային մասում չտեղադրեն ճաղավանդակներ, ապա խնդիրը կարելի է համարել չլուծված: Նշված վայրում անվտանգության ոչ մի կանոն պահպանված չէ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: