00:00:00

Քանաքեռի զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը երեք ամիս առաջ էր զինծառայության անցել

02:33, 21 ապրիլ 2019

Ապրիլի 18-ին ՀՀ ՊՆ  N զորամասի զինանոցում իրեն հրազենային մարմնական վնասվածք հասցնելու հետեւանքով Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխված եւ այնտեղ մահացած 24-ամյա  պայմանագրային զինծառայող Ն.Ս.-ն Կոտայքի մարզի Զովք գյուղից էր: Զովքի գյուղապետ Նորիկ Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջ գյուղը մեծ ցավ է ապրում, դժվարությամբ են հավատում, որ Նարեկը կարող էր նման քայլի գնալ. «Նարեկը շատ լավ տղա էր, դաստիարակված, խելոք, հանգիստ: Նրանք աշխատող ընտանիք են: Տանը բոլորն էլ աշխատում են: Զբաղվում էին գյուղատնտեսությամբ: Իրենք  4 երեխա են՝ երկու քույր, երկու եղբայր: Գյուղում էլ խոսում են այն, ինչ բոլորն են խոսում, թե իբր աղջկա պատճառով է եղել, բայց մենք սպասում ենք հետաքննության ավարտին: Իմ իմանալով, գյուղից սիրած աղջիկ չուներ ինքը: Ավել բան չգիտեմ: Ինչ հանգամանքներում էլ կատարված լիներ դեպքը, շատ ցավալի է մեզ բոլորիս համար: Ամբողջ գյուղը ցնցված է կատարվածից: Ինձ համար կրկնակի ցավ է, որովհետեւ նա բացի համագյուղացի լինելուց, նաեւ իմ բարեկամն է»,-ասաց Նորիկ Գեւորգյանը: Զովքի վարչական ղեկավարը նշեց, որ երիտասարդը պայմանագրային զինծառայության էր անցել 2019 թվականի հունվարից: Այսօր գյուղում տեղի կունենա երիտասարդի հոգեհանգիստը, վաղը՝ հուղարկավորությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել էր հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին` ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Ս-ն զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ մահացել է: Աղբյուրի տեղեկություններով նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր