Արցախի Հանրապետությունում օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել: 18 տարեկան տղան սպանել է 10-ամյա եղբորը: Արցախում iPRESS.am-ի թղթակիցը հայտնում է, որ դաժան սպանությունը տեղի է ունեցել անտառում և 18-ամյա տղան ի ծնե հոգեկան շեղումներ ունի: Ըստ թղթակցի՝ սպանությունը կատարած երիտասարդը միշտ տարբերվել է տարօրինակ վարքագծով, իսկ 10-ամյա եղբայրը առողջական որևէ խնդիր չի ունեցել:
Թղթակցի փոխանցմամբ՝ եղբայրները բազմազավակ ընտանիքի անդամներ էին, զոհը՝ տան ամենափոքր զավակը (6-րդ):Օրեր առաջ Արցախի ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է․ «Սույն թվական ապրիլի 13-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ.ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության վերաբերյալ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ս.թ ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ.ծնված Ս.Գ-ն։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։