Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը մեծ տոն նվիրեց երեխաներին` նրանց գրադարանը հարստացնելով «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» ստեղծագործության անգլերեն տարբերակով, որը տիկինը գրել է իր թոռնուհու` Սավաննայի հետ:
Նունե Սարգսյանն ապրիլի 19-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում հանդիպեց մի խումբ երեխաների, նրանց ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, խրախուսեց ստեղծագործել և Սավաննայի հետ հատվածներ ընթերցեց գրքից:
«Արդեն երեք տարի է` Սավաննայի հետ պատմություններ ենք հորինում: Դա սկսվեց որպես պատահական զբաղմունք, բայց դարձավ լուրջ նախագիծ: Ուրախ եմ Սավաննայի համար, որովհետև նա կարողացավ տեսնել, թե ինչպես է ծնվում գիրքը: Լավ կլինի, եթե ծնողները, տատիկները և պապիկները քաջալերեն իրենց երեխաներին ու թոռնիկներին, որ նրանք ստեղծագործեն: Այդ դեպքում մեր գրականությունը կհամալրվի նոր անուններով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ պատրաստ է գրքի հայերեն տարբերակը, որն այս պահին տպարանում է. այն լույս կտեսնի տասը օրից: «Մենք նպատակ ունենք այս գրքերը նվիրել դպրոցներին, մանկատներին, դպրոցական գրադարաններին: Գրքերը հասանելի կլինեն ՀՀ մարզերում, սփյուռքում: Այդպես Սավաննան ու ես մեր սերը կարտահայտենք հայ երեխաների հանդեպ»,-ընդգծեց Առաջին տիկինը:
Խոսելով նկարազարդումների մասին, որոնք իրականացրել է Սավաննան` Նունե Սարգսյանը պատմեց, որ բավականին բարդ է եղել Սավաննային համոզել ու վստահեցնել, որ նա կարող է անել դա, բայց երբ վերջացրել է նկարազարդումներն ու տեսել գրքի մակետը, հիացել է արդյունքից: