00:00:00

Բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք մեկը մյուսին բարև չեն տալիս․ ի՞նչ է կատարվում իշխանական ճամբարում

15:52, 19 ապրիլ 2019

ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր՝ երեկ՝ ապրիլի 18-ին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա պաշտոնական լիազորությունները դադարեցվել են։ «Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը», - նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։ Դավիթ Սանասարյանի երեկ ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով՝ իր դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։ Իսկ այսօր կատարած ֆեյսբուքյան գրառման մեջ Դավիթ Սանասարյանը նշել է․ «Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը»։ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է կատարել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով՝ ԱԱԾ֊ն առերևույթ քրեական հետապնդում է իրականացնում Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ Սաքունցի կատարած ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, նշվում է․ «Հարց․ ծառայողական պարտականությունները չկատարելու համար քրեական հետապնդման են ենթարկու՞մ, որպես մեղադրյալ են ներգրավու՞մ, առերևույթ խմբի առերևույթ շահերի համա՞ր, պաշտոնեական դիրքը առերևույթ օգտագործելու համա՞ր։ Առերևույթ ձևակերպումներով, մեկ հոգու ցուցմունքով քրեական հետապնդումը ոչ միայն անհիմն է, այլև ապօրինի է»։ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Irakanum.am-ը զրուցեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գորադիր տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ «Դավիթ Սանասարյանն ԱԺ-ում հինգ տարի իմ օգնականն է եղել, և միայն դրական որակավորումներով կարող եմ իրեն բնութագրել։ Ես չեմ կարող հավատալ, որ նա կարող է խառնված լինել անազնիվ, էլ չեմ ասում՝ պետությանը վնասող որևէ գործարքի մեջ։ Մի բան էլ կասեմ, որը էլի ոչ թե մասնագիտական է, այլ իմ անցած ճանապարհից․ երբ ես եղել եմ մարդու իրավունքների պաշտպան, այսպիսի մի պատմություն, ինչպես ասում են, իմ գլխին էլ էին սարքել։ Իմ երկու աշխատողների հետ կապված, որոնք արձակուրդում էին, ասում էին՝ նրանցից մեկը կաշառք է վերցրել, այն էլ ՄԻՊ-ում, երբ չկա որևէ իմպերատիվ նորմի ընդունման հնարավորթյուն։ Հետագայում այդ անձը ազատվել է, այդ ամբողջը հնարածին է համարվել, և նա հետագայում տարբեր պաշտոններ է զբաղեցրել բավականին տաքուկ տեղերում։ Եվ ես հիշում եմ, որ այդ ամենը տեղի է ունեցել, երբ իմ նկատմամբ տեղի են ունեցել քաղաքական հետապնդումներ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի դեմ ․ դա օգտագործվել է իմ անունը, իմիջը նաև այդ ինստիտուտը տապալելու, խայտառակ անելու համար։ Մեր ամբողջ աշխատակազմն այդ ամենի միջով պատվով անցավ Աստծո օգնությամբ։ Մեզ վրա դա չազդեց, բայց դա շատ վատ ազդեցություն է ունեցում և ունեցավ հասարակության վրա։ Երբ հասարակությունում հավատ կա որևէ մարմնի, անձի նկատմամբ, այսպիսի գործողությունները ոչ միայն վնասում են այդ անձին ու հաստատությանը, այլև վատ ազդեցություն են ունենում հասարակության վրա, քանի որ նորից փորձում են աշխատել այդ հեղինակության հետ», - ասաց Լարիսա Ալավերդյանը։ Նա նշեց՝ ճիշտ չէ սկզբում տարածել ինչ-որ չհստակեցված անձի վերաբերող որևէ տեղեկատվություն, քանի որ դրանով հասարակության մեջ կարծիք է ստեղծվում ։ «Իսկ երբ իրավական դաշտում ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, հետո կամ մոռացության է տրվում կամ էլ հեղհեղուկ ավարտ է ունենում այդպիսի պատմությունը։ Իմ ներկայացրած բնութագիրը, կարծիքը՝ Դավիթ սանասարյանի հետ կապված, անսասան են մնում։ Ես գտնում եմ, որ նա դրական կերպար է։ Սխալական է լինում ցանկացած մարդ․ ես սխալների մասին չէ, որ խոսում եմ, բայց տվյալ դեպքում իմ կարծիքը նույնն է նրա՝ պետությանը, պետականությանը նվիրված լինելու մասին։ Եվ շատ կուզենամ, որ օր առաջ այս ամենը բացահայտվի, լույս սփռվի այս ամենի վրա», - նշեց Լարիսա Ալավերդյանը։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով թեմային, նշեց․ «Եկե՛ք սպասենք քննության ավարտին, բայց, ամեն դեպքում, ես չեմ կարծում՝ իրավաբանները, ԱԱԾ-ն կարող են ինքնագլուխ մեղադրանք հարուցել ՀՀ կարևորագույն պաշտոնյաներից մեկի նկատմամբ։ Լրատվամիջոցներում տարբեր վարկածներ կան, օրինակ այն, որ հայկական «ավանդական» ուժերը՝ այդ թվում ԱԱԾ-ն, Վանեցյանը, որը սորոսականների հետ կապ չունի, պայքար է սկսել սորոսականների դեմ, և մամուլում լուրեր կան նաև այն մասին, որ Սանասարյանն էլ է սորոսական կարկառուն ներկայացուցիչ, որը, իբրև թե, գրանտներ է ստացել Սորոսից ու գործունեություն տարածել․ իհարկե, ես դրա հետ կապված ապացույցներ չունեմ, բայց մամուլում այդ վարկածն էլ կար։ Կա նաև այլ վարկած․ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր համար ծանոթ, խնամի, բարեկան կապը չի գործում, քանի որ օրենքի առաջ պիտի հավասար լինեն բոլորը, և գործի ընդունվելու համար կեղծ դիպլոմ ներկայացրած՝ Փաշինյանի բարեկամին էլ պատասխանատվության պետք է ենթարկվի։ Նույնը Սանասարյանի դեպքում է․ Փաշինյանը ցույց է տալիս, որ, այո՛, օրենքի առաջ պիտի հավասար լինեն բոլորը։ Սա ցույց է տալիս, որ Փաշինյանն առաջիկայում օգտագործելու է բոլոր ռեպրեսիվ մեթոդները, այդ թվում՝ իր թիմակիցների, նախկին իշխանությունների նկատմամբ՝ ցույց տալով՝ եթե ինքը պայքար է մղում իր թիմակիցների դեմ, ինչո՞ւ չպետք է պայքարի նախորդ իշխանության ներկայացուցիչների դեմ»։ Գագիկ Համբարյանը նշեց՝ մի բան հաստատ է՝ եթե կա հարուցված քրեական գործ, ուրեմն պաշոնյան իրավունք չունի շարունակել պաշտոնավարել, քանի որ դա կարող է ազդել նախաքննության վրա։ «Ես այդ տեսակետը հայտնել եմ մի քանի օր առաջ, երբ դեռ պարզ չէր՝ քրեական գործ հաստատ հարուցվելու է, թե ոչ, բայց ԶԼՄ-ներում արդեն լուրեր կային այդ մասին։ Նույնիսկ այդ ժամանակ նշեցի, որ շատ լավ կլինի, որ նրա լիազորությունները դադարեցվեն թեկուզ ժամանակավորապես, որպեսզի իրավապանները կարողանան քննությունն առաջ տանել՝ առանց որևէ խոչընդոտի։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի որոշ թիմակիցների գերակտիվությանը՝ Սանասարյանին պաշտպանելու հետ կապված, ապա կասեմ՝ դա նորմալ եմ գնահատում, որովհետև իրենց ընկերն է եղել։ Սանասարյանը Սաքունցի հետ էլ առնչություն է ունեցել տարբեր ծրագրերի հետ կապված։ Նրանք համագործակվել են նաև 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ։ Շատ նորմալ եմ գնահատում, որ որոշ քաղաքական, հասարակական գործիչներ, ակտիվիստներ ակտիվորեն իրենց կարծիքն են արտահայտում Սանասարյանի վերաբերյալ», - ասաց Գագիկ Համբարյանը։ Նա նշեց՝ կա նաև մեկ այլ կարծիք, որ Նիկոլ Փաշինյանի թիմում սկսվել է պառակտում։ «Ես պետք է նշեմ, որ այդ պառակտումը նոր չի սկսվել։ Բազմաթիվ տեղեկություններ կան, որ բավական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք մեկը մյուսի հետ բարև, Աստծու բարին չունեն։ Ամեն դեպքում, եթե կա հարուցված քրեական գործ, եկե՛ք սպասենք քննության ավարտին», - նշեց Գագիկ Համբարյանը։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ Դավիթ Սանասարյանին անձամբ չի ճանաչում, բայց նրա հետ առնչություն է ունեցել տարբեր քաղաքացիական շարժումների ժամանակ։ «Գործի մասնրամասներին չեմ տիրապետում։ Երբ որոշակի փաստեր ներկայացվեն, այդ ժամանակ գոնե մոտավոր պատկերացում կկազմենք այս գործի վերաբերյալ, իսկ այս պահին ունենք միայն ԱԱԾ-ի տարածած կարճ հաղորդագրությունը», - եզրափակեց Դավիթ Խաժակյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր