Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում էին Հայաստանի տնտեսության առանցքային դերակատարներից մեկի՝ «Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող գործընթացները։ Իշխանությունները բացահայտ «գրոհում» էին ընկերությանը, ինչի արդյունքում «Սպայկայի» սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվեց։
Դրան հաջորդեց ընկերության տարածած հայտարարությունը, որի համաձայն՝ ՀՀ 80 համայնքներում մթերման գործընթաց չի իրականացվի։ Փաստացի բնակչությունը կանգնել է մթերման հետ կապված լուրջ խնդիրների առջև, փոխարենը իշխանությունների կողմից տեղեկություն է նետվում, ըստ որի՝ շուկայում արդեն հայտնվել են մթերումներ իրականացնող նոր ընկերություններ։
Հասկանալի է՝ սա արվում է այն նպատակով, որ հանրությանը ցույց տրվի, թե «Սպայկան» անփոխարինելի չէ, անհանգստանալու բան չկա, և շատ արագ շուկայում կլինի «նոր Սպայկա» կամ, ավելին, «նոր Սպայկաներ»:
Սակայն բանն այն է, որ նշված ընկերություններից մեկը միայն առկա է փաստաթղթերով, հայտնի չէ, թե իրենից ինչ կառույց է ներկայացնում և ինչ պոտենցիալ ունի, իսկ մյուս ընկերությունն ինքնին «նորություն» չէ, սակայն գործնականում չունի միաժամանակյա լայնածավալ մթերումներ կազմակերպելու հնարավորություն, որովհետև չափազանց փոքր է մեքենաների պարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: