Այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի, պետի տեղակալի, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի, համապատասխան քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, կրկին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանին: Այցի նպատակն էր նրա առողջական վիճակի վերաբերյալ անմիջականորեն տեղեկատվություն ստանալը, ինչպես նաև հացադուլի դիմելու պատճառներն ու պահանջները հավելյալ անգամ քննարկելը:
Արկադի Պապյանի միակ պահանջն է մնում՝ դադարեցնել հարուցված քրեական գործի շրջանակում իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:
Նրան նորից են ներկայացվել առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստական տվյալները: Պահպանելով հանդերձ նախաքննական գաղտնիքի ապահովման օրենսդրական պահանջը, սակայն նկատի ունենալով գործով նախաքննության ավարտման հանգամանքը՝ Արկադի Պապյանին ներկայացվել են նրա մեղադրանքի համար հիմք հանդիսացած՝ համապատասխան ցուցմունքները, ինչպես նաև իրականացված գաղտնալսումների արդյունքները:
Կրկին անգամ պատրաստակամություն է հայտնվել ուսումնասիրության առարկա դարձնել իր նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները:
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները հորդորել են դադարեցնել հացադուլը՝ նախ ելնելով առողջական վիճակն առավել չվատթարացնելու անհրաժեշտությունից և երկրորդ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախաքննությունն ավարտական փուլում է և շուտով ծանոթանալու համար քրեական գործի նյութերը կտրամադրվեն պաշտպանության կողմին, ինչից հետո թե՛ Պապյանը, և թե՛ նրա պաշտպանը կարող են հանդես գալ միջնորդություններով, որոնք կդառնան մանրարկիտ քննարկման առարկա:
Հիշեցնենք, որ համապատասխան քրեական գործով 2018թ. հունվարի 19-ին Ա. Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 2 դրվագ՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նա մեղադրվում է այն բանում, որ 2014թ. հունիսի 23-ից պատիժ կրելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔՀԿ-ում, ինչպես միայնակ, այնպես էլ նույն ՔԿՀ-ում պատիժ կրող այլ դատապարտյալի հետ միասին, անձամբ իր մտերիմ Կ. Հ.-ի օժանդակությամբ պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել «Վանաձոր» ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձանց:
Հարկ ենք համարում տեղեկացնելու, որ սա ՀՀ դատախազության կողմից, սկսած 2018թ. մարտի 5-ից, թվով երրորդ այցելությունն է հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանին: Մարտի 5-ին, նրան այցելել էր ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազը, երկու օր անց՝ մարտի 7-ին, վերոնշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը:
Բոլոր այդ հանդիպումների նպատակը եղել է մի կողմից բժիշկների մշտական հսկողության տակ գտնվող՝ Արկադի Պապյանի առողջական վիճակի մասին տեղում անմիջական տեղեկատվություն ստանալը, մյուս կողմից, քրեական գործի շրջանակներում նրա իրավունքների լիարժեք իրացման և պաշտպանության երաշխավորվածությունը վերահաստատելը:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի
հանրային կապերի բաժին