Երևանի ավագանու այսօրվա նիստում մերժվեց նաև «Մարտի 1-ի» զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագիծը:
«Մարտի 1-ի» զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագծին կողմ քվեարկեց ավագանու 3 անդամ, դեմ՝ 47 անդամ: Ելք-ն այս քվեարկությանը եւս չմասնակցեց:
ԵԾ-ն առաջարկում էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգում հուշարձան տեղադրելու մասին:
Ընդ որում՝ Հուշարձանի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումն առաջարկվում է իրականացնել հանրության միջոցների հաշվին՝ դրամահավաք անցկացնելու միջոցով:
«2008 թվականին, ազգային զինված ուժերը Երևանի կենտրոնական փողոցներում ճնշեցին ժողովրդի արդար ցասումը, այլ նաև այդ ընթացքում ուղիղ նշանառությամբ թիրախավորեցին, վիրավորեցին և սպանեցին մարդկանց: Բռնակալական համակարգի ցայտուն և ցինիկ դրսևորումը՝ 2008 թվականի մարտի 1- ը, որը հայ ազգից խլեց 10-ը անմեղ կյանք, վիրավորվեցին և հանիրավի ազատազրկվեցին հարյուրավորները, կարիք ունի համապարփակ դատապարտման՝ որպես անպատժելիության դեմ առաջադեմ քաղաքակրթության պատասխան»,- ասվում էր հիմնավորման մեջ: