00:00:00

Դադարեցրու քաղաքական գործունեությունդ, եթե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ. Սեֆիլյանի բացահայտումը

17:13, 17 մարտ 2018 Իրավական

«Իմ խոսքն ուղղված չէ Սերժ Սարգսյանի գործին, այլ ժողովրդին եւ միջազգային հանրությանը: Անիմաստ կլիներ, եթե ես հանդես գայի պաշտպանական խոսքով: Ուղղակի առիթն օգտագործեմ ու խոսեմ այն մասին, թե ինչու ենք մենք այստեղ: Դատավարության անվան տակ իրականացվող այս գործընթացը հաշվեհարդար է: Ականատես եղանք բեմականացում հիշեցնող միջոցառման, որտեղ հնչած մեղադրական կողմի դատարկաբանությունը հեքիաթ է»: Այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսպիսի բովանդակությամբ պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքը փաստաբան Արայիկ Պապիկյանն էր ընթերցում: Հետո Սեֆիլյանն իր խոսքում նշել է, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիք էլ են տվել ու այդ մասին նա առաջին անգամ է բարձրաձայնում: Սեֆիլյանի խոսքում ասվում է. «Ինձ փոխանցել են սպառնալիքը՝ «դադարեցրու քաղաքական գործունեությունդ, եթե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ»: Ես պատասխանել եմ զեկուցեք ձեր ղեկավարությանը, որ մենք մեր հողում ենք, Հայաստանն էլ տեր ունի»: Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ սպառնալիքը փոխանցող միջնորդը եղել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Սեֆիլյանի խոսքով՝ սպառնալիքի հստակ աղբյուրը ճշտել հնարավոր չէ, բայց ակունքը կրեմլյան համակարգն է. «Այդ սպառնալիքը ես ստացել եմ ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից մեկ-երկու օր անց»: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սաֆարյանը եւ Սեֆիլյանը մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր