00:00:00

Երկիրը կարող է զարգացման մեծ թափ, մեծ տեմպ ունենալ կառավարման ցանկացած ձևի պարագայում. Ս. Սարգսյան

23:59, 16 մարտ 2018 Իրավական

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ: Նա շնորհավորել է խորհրդի անդամներին և նախագահին ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք և վստահություն հայտնել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր եռանդը, փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ պետական այս կարևոր կառույցի կայացման և արդյունավետ գործունեության: Հանդիպման ժամանակ  Սարգսյանը նաև իր մոտեցումներն ու ակնկալիքներն է ներկայացրել Սահմանադրության փոփոխության արդյունքում ձևավորված նոր պետական մարմնից՝ Բարձրագույն դատական խորհրդից: «Հարգելի՛ գործընկերներ, Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել այն օրվան, երբ դուք արդեն պաշտոնապես ստանձնելու եք սահմանադրական այս մարմինը ներկայացնելու բարձր պատիվը: Կարծում եմ, որ խորհրդի առաջին կազմում ընտրվելը կրկնակի է բարձրացնում պատասխանատվությունը, քանի որ դուք եք կայացնելու այդ մարմինը, իսկ այդ անկախ մարմնի կայացումից շատ բան է կախված մեր երկրում: Ցանկանում եմ անհատապես շնորհավորել Ձեզ, պարո՛ն Հարությունյան:Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ տեսանելի ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը կուրվագծի իր կայացման ճանապարհը և իր արժանի տեղը կունենա մեր պետական մարմինների համակարգում և ոչ միայն: Ես վստահ եմ, որ անցնելու է որոշ ժամանակ և արդեն միջազգային ասպարեզում, մասնագիտական հարթակներում ճանաչելու են Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը: Գաղտնիք չէ, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ի սկզբանե նախատեսված է եղել բարձրացնել Արդարադատության խորհրդի դերակատարությունը: Սակայն, հաշվի առնելով դատական իշխանության անկախության հանգամանքը, մասնագիտական խորհուրդն առաջարկեց ի վերջո ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի դատարանների և դատավորների անկախության բարձրացման հարցում: Սա չի նշանակում, որ մենք անտեսում կամ անտեսել ենք Արդարադատության խորհրդի դերակատարությունը մեր դատական համակարգի կայացման գործում, ավելին՝ պետք է ասեմ, որ Արդարադատության խորհուրդն այս քսան տարիների ընթացքում իր ներդրումն ունեցել է: Որքան էլ մեր հանրությունը, անձամբ ես որոշակի խնդիրներ տեսնենք, կամ կարծիք ունենանք դատական համակարգի անկախության և արդար դատավճիռների կայացման հարցում, այնուհանդերձ, մեր դատական համակարգն այսօր չի կարելի համեմատել ոչ տասը, ոչ տասնհինգ տարի առաջվա եղածի հետ: Ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արդարացնի ոչ միայն այն մարդկանց ակնկալիքները, ովքեր նախագծել են այս խորհուրդը, այլ, իհարկե, նաև մեր հանրության ակնկալիքները: Իմ խորին համոզմամբ՝ այն մարմինները, որոնք օժտված են Սահմանադրությամբ նախատեսված մեծ լիազորություններով, պետք է կրեն նաև մեծ պատասխանատվություն: Այստեղ այլ ճանապարհ չկա: Եվ այս մոտեցումը վերաբերում է ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդին, այլ հենց նույն Սահմանադրությամբ նախատեսված բոլոր պետական մարմիններին: Կիսանախագահական համակարգը որոշակի խնդիրներ լուծել է մեր երկրի զարգացման գործում, բայց հավատացեք՝ զարգացման համար այն լավագույնը չէ: Իհարկե, մենք մշտապես ասել ենք, այժմ էլ ասում ենք և ասելու ենք նաև հետագայում, որ երկիրը կարող է զարգացման մեծ թափ, մեծ տեմպ ունենալ կառավարման ցանկացած ձևի պարագայում: Սա ճշմարտություն է, բայց ճշմարտություն է նաև այն, որ տասնամյակների փորձություն անցած մեխանիզմները կարող են նպաստել կամ խոչընդոտել այդ զարգացմանը: Դուք ունեք շատ մեծ լիազորություններ: Դուք եք լինելու այն միակ մարմինը, որ ընտրելու և նշանակելու է դատավորներին, դուք եք լինելու նաև այն միակ մարմինը, որ կասեցնելու կամ պատասխանատվության է կանչելու դատավորներին: Ցանկանում եմ, մաղթել ձեզ վճռականություն և հույս եմ հայտնում, որ ձեզնից որևէ մեկը չի փորձելու բարեսիրտ լինել, այն իմաստով, որ բարեսիրտ լինել՝ չի նշանակում սխալները ներել, բարի ու բարեսիրտ լինել՝ երբեք չի նշանակում չտեսնել այն հիմնախնդիրը, որ դառնում է համակարգային, որ վնաս է հասցնում պետությանը: Կարծում եմ՝ ձեզնից որևէ մեկը չի կասկածում, որ պետության զարգացման համար արդարադատությունը ուղղակի առաջնային է՝ լինի տնտեսություն, քաղաքականություն, թե այլ ոլորտ: Խորհուրդը մի առանձնահատկություն էլ ունի՝ այն ձևավորվել է հավասարության սկզբունքի հիման վրա: Խորհրդում ընդգրկվել են ինչպես տարիների փորձառություն ունեցող պրակտիկ դատավորներ, այնպես էլ իրավաբան-գիտնականներ: Վստահ եմ, որ ամբողջովին գիտակցում եք, որ դուք երկու տարբեր համայնքների ներկայացուցիչներ չեք, և հատկապես հանրության համար դուք պետք է ներկայանաք որպես միասնական մարմին: Մնացած բոլոր պարագաներում խաթարվելու են Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքները և միայն վնաս են հասցնելու: Որքան ցանկանում եք վիճեք, բանավիճեք ձեր խորհրդի նիստերի ժամանակ, ձեր առանձնասենյակներում, բայց պաշտպանելով մեր իրավապահ համակարգի ամենակարևոր օղակի՝ դատարանի շահը: Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի: Սա՛ է մեր առջև դրված խնդիրը: Հասկանալի է, որ սրանք ցուցումներ չեն, այլ իմ մոտեցումները, մի մարդու մոտեցումներ, ով մանրամասն, մշտապես մասնագիտական խորհրդի հետ մասնակցել է քննարկումներին և ունեցել է մեծ ցանկություն ստեղծելու մի մարմին, որ կարող է էական դերակատարություն ունենալ մեր դատարանների անկախության կայացման մեծ գործում. անկախության, բայց ոչ ամեն ինչից, այլ միշտ օրենքի առջև հաշվետու լինելով: Առաջին հերթին դատավորը պետք է օրենքի առջև հաշվետու լինի, որովհետև եթե նա ուրիշներին է սովորեցնում հաշվետու լինել օրենքի առջև, ուրիշներին է պարտադրում կատարել օրենքը ամբողջ ծավալով՝ առաջինը ինքը պետք է այդպիսին լինի: Շատ պարզ բան է՝ պիտի ասի՝ արա այնպես, ինչպես ես: Մեկ անգամ ևս ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել և մաղթել հաջողություններ: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում խորհուրդը կայանալու է»,-ասել է Հանրապետության Նախագահը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը իր և խորհրդի անդամների անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովելու նրա սահմանադրական գործառույթի շրջանակներում խորհրդի հետ հանդիպման և շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: Գագիկ Հարությունյանը վստահեցրել է, որ խորհրդի բոլոր անդամներն անմնացորդ աշխատանքով և պարտքի ու պատասխանատվության զգացումով պատրաստ են ստանձնելու իրենց վերապահված պարտականությունները և արդարացնելու այն ակնկալիքները, որ կան նորաստեղծ սահմանադրական այս մարմնից: «Մեր գործընկերների հետ մենք քննարկել ենք, և Դուք էլ շեշտեցիք, մեծարգո՛ Նախագահ, այն կարևոր հանգամանքը, որ այստեղ արդեն չկա այն տարբերակումը, թե խորհրդի անդամները դատարանից են, համալսարանից, գիտությունից՝ այստեղ կա միասնական պատասխանատվություն ժողովրդի առջև: Այսինքն՝ միասնական պարտքի զգացում՝ վստահություն ձեռք բերելու և որքան հնարավոր է շուտ արձանագրելու դրական արդյունքներ: Սպասվում է իսկապես լուրջ, ծանրաբեռնված աշխատանք»,-ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և տեղեկացրել է, որ չնայած մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդի լիազորությունների ստանձնմանը, սակայն գործնականում խորհուրդն արդեն լծվել է նախապատրաստական աշխատանքի, առանց որի, ըստ նրա, դժվար կլինի ժամանակին իրականացնել սպասվող ծավալուն աշխատանքը և շտապ լուծումներ տալ առանցքային խնդիրներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր