City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը, որն առավել քան տպավորիչ է։ Ցանկում առկա գրեթե բոլոր խոշոր փոխանցումներն իրականացրել են նախորդ իշխանությունների սպասավորները, և որպեսզի առանձին-առանձին չանդրադառնանք նշենք թերևս ամենակարկառուններին։
Տարօրինակ է, որ առաջին տիկինն այսօր աջակցություն է ստանում այնպիսի մարդկանցից, ովքեր առաջին հայացքից Նիկոլ Փաշինյանի հակադիր բևեռի ներկայացուցիչներ են։ Մասնավորապես Աննա Հակոբյանին ամենախոշոր գումարային աջակցությունն հայտնել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարան» ՓԲԸ-ն՝ 51 մլն դրամ, որի սեփականատերից մեկը Վահե Հակոբյանն է, ով իր հերթին հանդիսանում է Սերժ Սարգսյանի ամենաթեժ հովանավորյալներից մեկն ու վերջինիս փեսայի՝ Միքայել Մինասյանի մտերիմ ընկերը։ Նշենք, որ Միքայել Մինասյանը ևս որոշակի բաժնետոմսեր է տնօրինում այդ գործարանում։
Միքայել Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի ստվերային համագործակցության վերաբերյալ խոսակցություններն այս կամ այն առիթով բազմից որակվել են աբսուրդային, սակայն հեղափոխության մեկնարկից սկսած Մինասյանին պատկանող լրատվամիջոցների անվերապահ աջակցությունն ու Փաշինյանի անհավատալի հաջողությունն արդարացիորեն առաջացնում էր նմանատիպ բամբասանքներ։ Հատկանշական է նաև, որ այդ լրատվամիջոցների շարքում էր նաև Վահե Հակոբյանի տիկնոջը Էլիզաբեթ Պետրոսյանին պատկանող «Para TV-ն»։ Սակայն միշտ չէ, որ թեմայի շուրջ մեկնաբանությունները սպառիչ պատասխան են տալիս դրա շուրջ առաջացած հարցերին, ավելին, առաջին տիկնոջ հիմնադրամին նման բացահայտ աջակցությունն արդարացիորեն էլ ավելի է մեծացնում կասկածելիության շրջանակը։ Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում գործում են բազմաթիվ բարեգործական հիմնադրամներ, այսինքն, նույն Վահե Հակոբյանը բարեգործություն անելու խնդիր չի ունեցել և չունի, սակայն զարմանալիորեն հիմնադրամների հարցում նրա ընտրությունը կանգ է առել Աննա Հակոբյանի ղեկավարած կառույցի վրա։ Շատերը միգուցե ենթադրեն, որ Միքայել Մինասյան-Նիկոլ Փաշինյան ստվերային համագործակցությունը գնալով ամրապնդվում է։
Սա դեռ ամենը չէ․ Փաշինյանի տիկնոջ հիմնադրամին խոշոր գումարային օգնություն է տրամադրել նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքսանյանների Ընտանիք բարեգործական հիմնադրամը»՝ 10 մլն դրամ։ Այստեղ ֆորմալ առումով ևս տարօրինակություն կա․ բարեգործական հիմնադրամը բարեգործություն է անում այլ բարեգործական հիմնադրամի միջոցով։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ միտումնավոր բացահայտ քծնանք, որից կարծես նոր իշխանություններն ամենևին չեն խորշում։ Թվում էր, թե Սամվել Ալեքսանյանին պատկանող ֆիրմայի հագուստները գովազդելուց և պետության կողմից կրկին նրան պատկանող «ԱՍՏՂԻԿ» ԲԿ-ին ահռելի ֆինանսավորում տրամադրելուց զատ, առավել գործընկերային հարաբերություններ չեն նկատվի նախկին ու ներկա իշխանական ընտանիքների միջև։
Հավանաբար Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը չեն խնայի իրենց ձայնալարերն ու տարբեր ամբիոններից տեղի ունեցածը կորակեն զուտ բարեգործական նպատակներով իրականացվող գործընթաց, սակայն գերբնական հատկություններ անհրաժեշտ չեն հասկանալու համար, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներից գումար կորզելու համար կան նաև այլ «ճանապարհներ»։