Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ հանրապետության նորմատիվ-իրավական ակտերի տեղեկատվա-իրավական համակարգի կայքում՝ «Ադիլետ»-ում:
«1995 թվականի մարտի 30-ին ընդունված «Ղազախստանի ազգային բանկի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հրամայում եմ. հաստատել ղազախական ազգային արժույթ տենգեի թղթադրամների եւ մետաղադրամների ձեւավորման նոր հայեցակարգը»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասվում է փաստաթղթի տեքստում:
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից:
«Թղթադրամների եւ մետաղադրամների ձեւավորման մեջ կիրառվող գրառումների տեքստը պետական լեզվով է: Ներդրումային մետաղադրամների եւ հուշադրամների ձեւավորման մեջ թույլատրվում են օտարալեզու գրառումներ»,-նշվում է ղազախական տենգեի ձեւավորման նոր հայեցակարգում, որը հաստատվել էր 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:
Ավելի վաղ Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա հանդիպում էին պետական լեզվով եւ ռուսալեզու գրառումներ: Ներդրումային մետաղադրամների եւ հուշադրամների վրա նշված էր ինչպես պետական լեզվով, այնպես էլ ռուսալեզու կամ օտարալեզու տեքստ: