Խորհրդարանում շարունակվում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ «Ելք» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումները։ Նշենք, որ լսումներին ներկա են Մարտի 1-ի զոհերի ընտանիքների անդամները, քաղաքական, հասարակական գործիչներ, ներկայացուցիչներ Գլխավոր դատախազությունից։ Մինչ լսումների մեկնարկը նախագահող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը, ապա ելույթով հանդես եկավ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Վերջինս, դիմելով իշխանություններին, հայտարարեց՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեղավորները պատժվեն։ Քլոյանի խոսքով՝ Մարտի 1-ի զոհերի հարազատները որևէ կապ չունեն քաղաքականության հետ․ իրենց պահանջն է` բացահայտել ոճրագործությունը` ով է հրաման տվել և ով կատարել: «Պատասխանատվության չեն ենթարկվել ո´չ կատարողները, ո´չ էլ հրաման տվողները: Վկաների կեսը արտագաղթել է, իսկ կեսը չի հիշում ոճրագործությունը»,-ասաց նա:
Դիմելով դահլիճում նստած նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` Քլոյանն ասաց․ «Գործերն առաձնացրիք, պարոն Կոստանյան, բա ի՞նչ եղավ, անցել է տասը տարի»:
Սարգիս Քլոյանն ընդգծեց, որ թեև այն ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են բացահայտել կատարվածը, բայց մինչև այսօր ոչինչ չեն արել. «Վերջերս Գևորգ Կոստանյանն ասում էր` վկաների կեսն արտագաղթել են, իսկ կեսը չեն հիշում մարտի մեկի ոճրագործությունը: Պարո՛ն Կոստանյան, եթե անցներ մի քանի տարի, երևի դուք էլ չէիք հիշի, թե ինչ է կատարվել 2008 թվականի մարտի մեկին, անցնի մի 20 տարի` ընդհանրաապես գոյություն չի ունեցել մարտի մեկը. սա ի՞նչ արտահայտություն է: 2008 թվականի մայիսի 4-ին էլ Սերժ Սարգսյանն իր զեկույցում ասաց, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, այն էլ` պրոֆեսիոնալ, որոնցով հնարավոր է նկարահանածը մոտեցնել, հեռացնել, ու մեր իրավապահները կպարզեն տեսագրությունները: Այդ բանը չի հերքել ազգային անվտանգությունը, և ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, դուք խոստացաք՝ սայլը տեղից կշարժվի, բա ի՞նչ եղավ, պարո՛ն Կոստանյան, անցել է 10 տարի»:Սարգիս Քլոյանը հիշեցրեց նաև, որ տասը զոհերից երեքը Չերյոմուխա գազային նռնակից են զոհվել՝ ուղիղ նշանառության հետևանքով:
«Չորս ոստիկանի մոտ է եղել Չերյոմուխա տեսակի զենքը, գիտենք այդ ոստիկանների անուն-ազգանունները, բոլորդ գիտեք: Նրանք չեն քննվել, բարձրաստիճան պաշտոնյաները ևս չեն քննվել: Ես վստահ ասում եմ, որ չեն քննվել: Հատուկ քննչականը քննում էր միայն շարքայինքաղաքացիներին, բայց նրանք ի՞նչ իմանան, թե գիշերը ով սպանեց 200-300 մետր հեռավորությանվրա»,- ասաց նա: