00:00:00

Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում

23:06, 20 փետրվար 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչություններին ղեկավարները: Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով և կարևորել զարգացմանն աջակցող գործընկերների համակարգման այս հարթակը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո սա առաջին հանդիպումն է այս ձևաչափով: Մհեր Գրիգորյանը նշել է, որ մինչ այս բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել քննարկման մասնակիցների հետ, մտքեր փոխանակել համագործակցությանն ուղղված միջնաժամկետ ծրագրերի շուրջ: Ընդգծելով, որ Կառավարության ծրագիրը հաստատվել է՝ Մհեր Գրիգորյանը կենսական պահանջ է համարել դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը: Նա այս ձևաչափը դիտարկել է որպես գործուն մեխանիզմ՝ ապահովելու համար անկաշկանդ երկխոսություն և առարկայական համագործակցություն: Փոխվարչապետի համոզմամբ՝ այս հարթակը չպետք է վերածվի ժամանակ առ ժամանակ կազմակերպվող ֆորմալ հանդիպումների, այլ պետք է ծառայի որպես աջակցող գործընկերների հետ հայկական կողմի խնդիրներով, ծրագրերով և ապագայի տեսլականով կիսվելու մեխանիզմ, որը թույլ կտա լսել զարգացմանն աջակցող գործընկերների մոտեցումները, նրանց փորձը և մշակել համատեղ նախագծեր: ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին տրամադրված ժամանակահատվածի համար և ողջունել նման քննարկումները, մասնավորապես՝ Կառավարության ծրագրի հաստատումից հետո: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության ծրագրի մեջ արտացոլված գերակայություններն ու առանձնացրել այն հիմնական ոլորտները, որտեղ առկա խնդիրների լուծումը կապահովի երկրի հետագա զարգացումը: Փոխվարչապետը, մասնավորապես, առանձնացրել է չորս ուղղություններ՝ մարդկային կապիտալի զարգացում, տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնում, հուսալի ենթակառուցվածքների զարգացում և պետական կառավարման արդյունավետության բարձրացում: Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է նշված ուղղությունների զարգացման տեսլականը, այնուհետև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին համատեղ ծրագրերի իրականացման գործընթացին, առաջիկայում սպասվող Կառավարության կառուցվածքային փոփոխություններին և Հայաստանի երկարաժամկետ ռազմավարության մշակման ընթացքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր