Դատական կարգադրիչները երբ դահլիճ բերեցին մեղադրյալ Թելման Քալաշյանին, դահլիճում գտնվող մահացածների հարազատները նրան անվանեցին տեռորիստ եւ սկսեցին հայհոյել մեղադրյալին, վերջինս նունպես եզդիերեն ինչ-որ բաներ ասաց եւ դատական կարգադրիչները նրան հեռացրին դահլիճից, իրավիճակը հանդարտեցնելու համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն: Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին: Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: