00:00:00

Թուրքիայում վանդալիզմի հերթական դրսևորումը հայկական եկեղեցու նկատմամբ (ֆոտոշարք)

02:09, 15 փետրվար 2019 Աշխարհ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արված: «Ermenihaber.am»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է եկեղեցու պատերին արված գրաֆիտիները: Ուշագրավ է, որ եկեղեցու պատերին հանդիպում է «OHB» ստորագրությունը. այսպես է կոչվում Ստամբուլում գրաֆիտի անող ամանաակտիվ խմբերից մեկը: Քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը  և  հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ: Տարիներ առաջ նույնպես այս եկեղեցու պատերը պղծվել էին: Չնայած 2018-ին այդ գրառումները կապույտ ներկով քողարկվել էին, այնուամենայնիվ, այսօր պատերը նորից լի են գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ: Բացի այդ, նախորդ տարվա ապրիլ ամսին Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին ազգայնականների թիրախում էր հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին էլ գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է»:   Հիշեցնենք, որ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ծնունդ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1844թ. սուլթանական Թուրքիայի արքունի վառոդապետ Հովհաննես Տատյանի կողմից` Բարութհանեի (Վառոդարան) և Զեյթինբուրնուի դարբնոցների հայ բանվորների խնդրանքով։ Կայսերական հրամանով եկեղեցին վերանորոգվել է 1847թ., իսկ վերջին վերանորոգչական աշխատանքները կատարվել են 1999թ., որից հետո եկեղեցին վերաբացվել է  Ամեն. Տ. Մեսրոպ Բ. Պատրիարքի օծմամբ: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թաղված են մի շարք անձինք, ովքեր լուրջ հեղինակություն են ունեցել Օսմանյան պետության մեջ և իրենց նպաստն են ունեցել Պոլսահայ համայնքային կյանքում: Եկեղեցու և դպրատան հիմնադիր Հովհաննես Տատյանը վախճանվել է 1869թ.։ Նշենք, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր