00:00:00

Թող քննեն, իմանան՝ ինչ է եղել. Միքայել Հարությունյան

22:47, 15 մարտ 2018 Իրավական

«Առաջին լրատվական»-ին հաջողվել է զրուցել  2008 թվականի մարտի 1-ին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանի հետ։ – Պարոն Հարությունյան, մարտի 1-ի վերաբերյալ Փաստահավաք խմբի զեկույցն ուղարկվել է ՀՔԾ։ Փաստահավաք խմբի անդամների խոսքով՝ եթե օբյեկտիվ քննություն գնա, ապա այդ ժամանակ ուժային կառույցների ղեկավարները պետք է հարցաքննվեն և պատասխանատվության ենթարկվեն Մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավման համար։ Դուք Ձեր մեղավորության, պատասխանատվության բաժինը տեսնո՞ւմ  եք։  – Ես ձեր հարցերին պատասխան չունեմ։ Եթե ուղարկել են, թող քննեն, իմանան՝ ինչ է եղել։ – Իսկ եթե այդ քննության ժամանակ պարզվի, որ Դուք էլ եք մեղավոր։ – Ինձ էդ թեմայով էլ հարցեր չտաք։ – Ինչո՞ւ, պարոն Հարությունյան, Դուք մեղքի բաժին չունե՞ք մարտի 1-ին բանակը ժողովրդի դեմ դուրս բերելու հարցում։ Ռոբերտ Քոչարյա՞նն է Ձեզ հրաման տվել։ – Հաջողություն ձեզ։ Միքայել Հարությունայնը անջատեց հեռախոսն ու այլևս չպատասխանեց մեր զանգերին։ Հիշեցնենք, որ ըստ Փաստահավաք խմբի զեկույցի՝ 2008թ. մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծված օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ձևավորման և դրանք հանրության դեմ օգտագործելու համար  ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից ապօրինաբար դուրս են բերվել զինվորական համազգեստ: Այդ նպատակով դուրս է գրվել համապատասխանաբար 950 հատ զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ: Բացահայտման ոչ ենթակա աղբյուրի պնդմամբ՝ դուրս է գրվել ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից` թիվ 93353 զորամասի իրային ծառայության պետ Հարութ Բարսեղյանի անվամբ: Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ ուղղակիորեն մատնանշված են հինգ բարձրաստիճան պաշտոնյա և չորս պատգամավորներ, որոնց թիկնազորին մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել ենէ 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ և 140 հատ գլխարկ. Ղազարյան Վաչիկ (վարչապետի աշխատակազմ), Ծառուկյան Գագիկ, Խաչատրյան Սուրիկ, Սարգսյան Լևոն, Բեգլարյան Գագիկ, Աբրահամյան Հովիկ, Մովսիսյան Առաքել, Սեդրակյան Մհեր, Ալեքսանյան Սամվել։ Այն, որ Ռոբերտ Քոչարյանը, ով արյունալի իրադարձությունների ժամանակ եղել է Հայաստանի նախագահը և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, և այլ պատասխանատու պաշտոնյաներ պետք է հարցաքննվեն, պնդում է նաև Եվրոպական դատարանում «Մարտ 1»-ի 9 զոհերի հարազատների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: «Ազատության» հետ զրույցում Վահե Գրիգորյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է բոլոր փաստերին, ի պաշտոնե հենց նրան են հաշվետու եղել պաշտպանության նախարարության բոլոր այն ստորաբաժանումները, որոնք ներգրավվածություն են ունեցել մարտի 1-2-ի, այսպես կոչված, ոստիկանական գործողություններում։ Բոլոր այդ մարմինները գործել են Ռոբերտ Քոչարյանի իմացությամբ, հակառակ դեպքում կստացվի, թե Զինված ուժերը գործել են առանց գերագույն գլխավոր հրամանատարի թույլտվության՝ դրանով իսկ կատարելով ծանրագույն հանցագործություն: «Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կարող էր, այլև նա հաստատապես տեղյակ է եղել, և առանց որևէ կասկածի հաստատել կամ առնվազն տեղեկացված լինելով՝ չի առարկել մարտիմեկյան իրադարձություններին Զինված ուժերի ներգրավվածությանը։ Սա կարծիք չէ, սա փաստ է», –   ասել է Վահե Գրիգորյանը։ Առավել մանրամասն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր