«Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ ստանձնեցի ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Արման Եղոյանը։
«Սա չափազանց պարտավորեցնող, բայց և պատվաբեր պատասխանատվություն է: Ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը հանձնաժողովի աշխատանքներն առավելագույն արդյունավետ կազմակերպելու, հանձնաժողովում թիմային ոգին պահելու, հանձնաժողովի առջև համապատասխան պետական մարմինների հաշվետվողականությունը և վերջինների հետ համակարգված համագործակցությունը, ինչպես նաև հասարակության առջև հանձնաժողովի հաշվետվողականությունը ապահովելու համար:
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել անցած ութ ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելիս: Շատերի հետ աշխատանքը շարունակվելու է նաև Ազգային ժողովում:
Հրավիրում եմ նաև եվրոպական իրավունքի բոլոր մասնագետների և Եվրամիության ինստիտուտներում կամ այլ վերաբերելի աշխատանքի փորձ ունեցող անձանց ուշադրությունը: Հանձնաժողովը բաց է բոլոր մասնագիտական առաջարկություններն ու դիտարկումները լսելու և քննարկելու համար»: