00:00:00

ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով այլևս հնարավոր չէ աշխատել

22:12, 18 հունվար 2019

Երեկվանից ՌԴ-ում արգելվել է հայկական վարորդական իրավունքով մեքենաներ վարելը։ Խոսքն այն վարորդների մասին է, ովքեր մեքենաները շահագործում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար։ Այս օրենքը չի վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում նաև զբոսաշրջիկներին: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ: Իսկ եթե գործատուն համարձակվի աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացու, ապա պետք է վճարի պետական տուգանք` 50 հազար ռուբլու չափով։ Հիշեցնենք, որ դեռևս 2016-ին Ռուսաստանի Պետդումայի կողմից կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ արգելվում էր օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով աշխատել։ Այս փոփոխությունը, սակայն, ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանին էր վերաբերում։ Այսինքն՝ ՌԴ-ում գտնվող ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող այլևս աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով: Սա էլ, սակայն, բավարար չէ։ Ովքեր անցել են այդ որակավորումը և քննություն են հանձնել, նրանցից էլ պահանջվում է 2-4 տարվա աշխատանքային փորձ։ Դեռևս 2017-ին այս որոշման պատճառով բարձրացված աղմուկից հետո ՀՀ պատկան մարմինները, կառավարությունը որոշակի բանակցություններ սկսեց ռուսական կողմի հետ։ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ ՌԴ-ում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյի մասնակցությամբ քննարկում էր եղել, որի արդյունքում կողմերը համաձայնել էին, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային: Խնդիրն առաջացավ 2013 թվականից, երբ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի ենթարկվեց։ Առաջացած աղմուկից հետո առաջ բերվեցին օրենսդրական այս փոփոխությունները։ Բայց, քանի որ միանգամից հնարավոր չէր այն իրագործել, ՌԴ-ում աշխատող բոլոր այլազգի վարորդներին միայն ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու պարտադրանքը հետաձգվել էր, և հիմա օրենքը մտել է ուժի մեջ։ ՌԴ-ում գործունեություն իրականացնող վարորդների խոսքերով՝ ՀՀ իշխանությունները պետք է միջամտեն խնդրին, փորձեն պաշտպանել իրենց քաղաքացիների իրավունքները։ «ՀՀ կառավարությունը պետք է օգտագործի բոլոր խողովակները՝ պահանջելով հանել արգելքը, կամ առնվազն հետաձգել դրա կիրառումը։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, ինչը ենթադրում է, որ միության անդամ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ աշխատելու ԵԱՏՄ ցանկացած պետությունում։ Հիմա այս արգելքը հակասում է ԵԱՏՄ համաձայնագրերին։ Այս որոշումը Հայաստանի դեմ է, Հայաստանի ինքնիշխանության դեմ է, քանի որ ոստիկանները հիմնականում նշում են, որ ռուսաց լեզուն Հայաստանում չունի պետական կարգավիճակ։ Սա անթույլատրելի է։ Այս որոշման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ անգործ են մնալու, դառնալու են գործազուրկ։ Բայց այս քաղաքացիների շահերը ՀՀ կառավարության կողմից պետք է պաշտպանվեն։ Հայաստանի իշխանությունները պետք է բոլոր քայլերը ձեռնարկեն, որ հարցը լուծում ստանա»,- դիմելով կառավարությանը՝ իր տեսաուղերձում նշել է ՌԴ-ում գործունեություն ծավալող մի քաղաքացի։ Այս տեսաուղերձից հետո խնդիրը ԱԺ-ում բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մինչև սեպտեմբեր ամիսը, Փաշինյան-Վլադիմիր Պուտին ամեն հանդիպումից առաջ, ես անձամբ վարչապետին խնդրել եմ, որ այդ հարցը բարձրաձայնվի, և ինձ հավաստիացվել է, որ բարձրաձայնվել է։ Բայց հիմա մենք ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով. «Համաձայնագիրն ասում է, որ աշխատուժի ազատ տեղաշարժ կա, հետևաբար, եթե աշխատուժն ազգային փաստաթղթերով ազատ տեղաշարժվում է մի երկրից մյուս երկիր, որոնք, ըստ էության, նույն միության մեջ են, պետք է փաստաթղթերը փոխադարձաբար ճանաչվեն»,- ասաց Մարուքյանը։ Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի Պետդումայում օրենքը ընդունել են այնպես, որ ճանաչվի այն երկրների վարորդական իրավունքը, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, այսինքն՝ Հայաստանի դեպքում վարորդական իրավունքն այդպես էլ չի ճանաչվի։ Մարուքյանը հույս հայտնեց, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում Միքայել Մելքումյանը նույնպես կզբաղվի այս հարցով։ «Այո, ես էլ եմ միանշանակ կիսում, որ մեր ապագա հանձնաժողովի տիրույթում է։ Ես կարծում եմ, որ հենց հիմա՝ այս նիստից հետո, ես ամբողջապես նույնպես կփորձեմ՝ չնայած որպես պատգամավոր, ո՛չ որպես հանձնաժողովի նախագահ, անպայման լիարժեք տիրապետեմ, և փորձենք լուծումը գտնել»,- ասաց Մելքումյանը։ Կառավարությունը նույնպես քայլեր է ձեռնարկում խնդրին լուծում տալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր