Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի «Լույս» թերթի համանուն TV-ն:
«Լույս TV»-ն առաջին ուղիղ եթերը հեռարձակել է հունվարի 6-ին Պոլսի Սբ. Վարդանանց և Գում Գափու թաղամասի Սբ. Մարիամ եկեղեցիներից, երբ Հայ առաքելական Սբ. Եկեղեցին տոնում էր Քրիստոսի ծնունդը:
«Լույս TV»-ի և «Լույս» լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալն ասել է.«Ծննդյան տոնի հետ միասին ծնվեց նաև «Լույս TV»-ն»:
Նշվում է, որ հեռուստալիքը պաշտոնապես սկսելու է հեռարձակվել մեկ ամսվա ընթացքում:
Հարություն Քուրալի խոսքով` 15 օրը մեկ անգամ հրատարկվող «Լույս» թերթից հետո «Լույս TV»-ն հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական հեռուստաալիքն է:
Քուրալն ընդգծել է, որ այսուհետ հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակումներ են ապահովելու:
«Սա հորս` 35 տարվա լրագրող Արամ Քուրալի նախագիծն էր: Նրա կարծիքով` հայկական հեռուստաալիքն անհրաժեշտ է հայ համայնքի համար և մենք այս երազանքը իրագործեցինք»,-նշել է Հարություն Քուրալը:
«Լույս TV»-ն օրվա ընթացքում 3 անգամ հայերեն և թուրքերեն լուրեր է թողարկելու ժամը 08:00-ին, 12:00-ին և 19:00-ին, որոնց կարելի է հետևել նաև բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով:
«Ընդհանուր լուրերից բացի կլինեն նաև հայ համայնքին հետաքրքրող լուրեր, ինչպես նաև արվեստին, մշակույթին, սպորտին, առողջապահությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը վերաբերող հաղորդումներ: Նախատեսվում են ուղիղ միացմամբ բանավեճային ծրագրեր, այդ թվում հայ համայնքի համար կարևոր և տոնական օրերին հատուկ եթերներ»,- տեղեկացրել է Քուրալը: