00:00:00

Բազմամիլիոն սփյուռք ունեցող պետությունը չպետք է թուլացնի իր թիկունքը

20:11, 28 դեկտեմբեր 2018

Մեծարգո պարոն վարչապետ Արդեն 12 տարի է բնակվում եմ Կանադայի Տորոնտո քաղաքում: Այս տարիների ընթացքում ակտիվորեն աշխատել եմ, և ներկայումս էլ գործակցում եմ Տորոնտոյի հայ համայնքի բոլոր կառույցների հետ, որոնց հետ իրականացրել ենք բարեգործական, մշակութային, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ և ծրագրեր: Հանդիսանում եմ Տորոնտոյում Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչը` հասարակական հիմունքներով: Այս տարիների ընթացքում գործընկերներիս հետ միասին փորձել ենք անել առավելագույնը, որպեսզի օգտակար լինենք մեր Հայրենիքին և պետությանը: Հավատացնում եմ Ձեզ` պարոն վարչապետ, որ մեր նախաձեռնած բոլոր ծրագրերին իր անվերապահ և անշահախնդիր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ Սփյուռքի Նախարարությունը: Ցանկացած փոփոխություն, լինի դա քաղաքական, թե տնտեսական` մարդկանց կողմից ընկալվում է, որպես մեկ քայլ առաջ դեպի ավելի բարեկեցիկ կյանք և միջավայր: Հենց այդ հույսով էր, որ ժողովուրդը Ձեզ բերեց իշխանության 8 ամիս առաջ, ակնկալելով որ պետք է ապրեն ավելի բարեկեցիկ երկրում և կարողանան իրենց եւ իրենց երեխաների ապագան կերտել Հայաստանի Հանրապետությունում: Ունենալով ժողովրդի վստահության քվեն, բնական է, որ դուք պետք է որոշեք մեր երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները: Սակայն այսօր, արդեն իսկ քննարկան առարկա է դարձել ՀՀ Կառավարության կառուցվածքի օպտիմալացման ծրագրի շրջանակներում լուծարել ՀՀ Սփյուռքի Նախարարությունը, որը հանդիսանում է մեր երկրի համար, ես կասեի` ոչ ավել և ոչ պակաս` ռազմավարական նշանակություն ունեցող մի կառույց: Այն իր ողջ փիլիսոփայության մեջ, ըստ իս` ներառում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են արտերկրում ապրող հայության ողջ ներուժը, նվիրումը իրենց երկրին և պետությանը : Կրճատումները որեւէ կառավարության պարագայում օրինաչափ են, սակայն սա այն դեպքն է, որ Սփյուռքի նախարարությունը, որպես նշանային, ինչպես նաև ռազմավարական կառույց պետք է գործի առանձին, ընդգծելով սփյուռքի կարևորությունն ու նրա ողջ ներուժի համադրման ու կազմակերպվածության առաջնայնությունը: Մեր ազգի 2/3-ը ապրում է դրսում` այդ ահռելի և հսկայական ներուժի աշխատանքների ճիշտ կազմակերպումը պահանջում է անկախ գերատեսչություն: Վերջերս ականատես եղանք այն գեղեցիկ նախաձեռնությունը, որին նաև դուք էիք հրավիրված: Խոսքը ”Ներուժ” ծրագրի մասին է: Այն լավ առիթ պետք է հանդիսանա, որպեսզի սփյուռքում ապրող մեր երիտասարդները առավել կապվեն իրենց հայրենիքին և նրանցից յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա մեր երկրի զարգացման գործում: Այստեղ հարց է առաջանում` իսկ ինչ պետք է լինի հիմա «Ներուժ» ծրագրի հետ, ինչպես նաև վերջին 10 տարում հիմք դրված նմանատիպ այն բազմաթիվ ծրագրերի հետ, որոնք` օր օրի, ամիս առ ամիս, տարի առ տարի զարգացնում և ամրապնդում էին Հայաստան Արցախ Սփյուռք կապերը : Այս նախարարության միջոցով էր, որ բազմաթիվ հայորդիներ այցելեցին Հայաստան, և մինչ օրս իրենց գիտելիքներով և աշխատանքային փորձով օգտակար են լինում մեր երկրին ու պետությանը: Այս նախարարության աշխատակազմի օգնությամբ և օժանդակությամբ էր, որ ապրիլյան քառորյա պատերազմի օրերին գիշերը ցերեկ անելով մեզ թև ու թիկունք եղան, որպեսզի ուղարկված բոլոր օգնությունները ժամանակին մաքսազերծվեին և հասնեին հասցեատերերին: Այս նախարարությունն էր, որ կազմակերպեց բազմաթիվ սիրահայերի ընդունելությունը հայրենիքում Սիրիայում տեղի ունեցող պատերազմի ժամանակ` տարբեր տեսակի անվճար ծառայություններ մատուցեց (իրավաբանական, բժշկական, ինչպես նաև` բարեսիրական) ինտեգրելու մեր հայրենակիցներին հայաստանի կյանքին: Հետևելով սփյուռքից եկող որոշ ազդակներին, կապված Սփյուռքի նախարարության լուծարման հետ, միաժամանակ տեսնում եմ այնպիսի սփյուռքահայ համայնքային նախկին և ներկա գործիչներ են կողմ արձաքանքում լուծարմանը, որոնք որ ժամանակին առավելագույնս են օգտվել նախարարության կողմից մատուցված ծառայություններից: Ուղղակի` ցավալի է... Մեծարգո պարոն վարչապետ Հույս ունեմ և հավատում եմ, որ վերատեսության կենթարկեք նախարարության լուծարման հարցը: Սփյուռքի նախարարությունը հիրավի եղել է և կմնա 7-8 միլիոն հայությանը համախմբող մարմին: Այն ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում պետք է առավելագույնը անի, որպեսզի ամրապնդի և հզորացնի մեր անբաժան եռամիասնությունը` Հայաստան Արցախ Սփյուռք : Պարոն վարչապետ ,ավարտին, շնորհավորում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքին Ամանորի եւ Սուրբ Ծնունդյան տոների առիթով : Թող որ 2019 թվականը հայ ժողովրդի համար լինի բարեկեցության , տնտեսական առաջընթացի եւ խաղաղության տարի: Կանխավ շնորհակալ եմ Հարգանքով Խորեն Մարդոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր