00:00:00

ՀՀ դատախազությունը Արտյոմ Ադանալյանի մոր հայտարարության վերաբերյալ պարզաբանում է

23:02, 13 մարտ 2018 Իրավական

Մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի ժամանակ՝ սպանության զոհ դարձած Արտյոմ Ադանալյանի մոր՝ քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի կողմից` գործով ընթացող դատաքննության, ՀՀ դատախազության հասցեին հնչեցրած մեղադրանքների, հայտարարությունների կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը: ՀՀ դատախազության կողմից նշված հանցագործության իրական հանգամանքները «պարտակելու», «պատվեր» ընդունելու և իրականացնելու վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի բոլոր պնդումները ոչ միայն մերկապարանոց են և որևէ փաստական հիմք չունեն, այլև անտրամաբանական են: Իր կողմից բարձրաձայնվող խնդիրների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանը մի շարք դիմումներ է հասցեագրել ՀՀ դատախազություն, որոնց հետ կապված նրան տրվել են սպառիչ պարզաբանումներ: ՀՀ Դատախազությունն այդ դիմումների կապակցությամբ կատարել է ուսումնասիրություններ, այդ թվում՝ քրեական գործն ուսումնասիրվել է գլխավոր դատախազությունում: Պարզվել է, որ Արտյոմ Ադանալյանի սպանությանը Հովհաննես Թոփչյանի առնչության մասին վարկածն առաջ է քաշվել բացառապես Ռուզաննա Ադանալյանի կողմից և գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել։ Քրեական գործով հարցաքննված և դեպքի մանրամասները ներկայացրած որևէ վկա Հովհաննես Թոփչյանի դեպքի վայրում գտնվելու և կատարված հանցագործությանը նրա հնարավոր մասնակցության մասին ոչ միայն չի հայտնել, այլև հետագա հարցաքննությունների ժամանակ հերքել են այդ մասին տուժողի իրավահաջորդի հայտնած կասկածները։ Այս մասին որևէ տվյալ չի հայտնել նաև տուժողի հայրը՝ գործով վկա Ավետիք Ադանալյանը, ով գտնվել է դեպքի վայրում և ականատես եղել որդու սպանության հետ կապված իրադարձություններին։ Այսուհանդերձ, միջոցառումներ են իրականացվել նաև Հ. Թոփչյանին հարցաքննելու ուղղությամբ, սակայն պարզվել է, որ վերջինս բացակայում է Հայաստանի Հանրապետությունից։ Հ. Թոփչյանին հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել են բազմաթիվ հանձնարարություններ, որոնք արդյունք չեն տվել: Ինչ վերաբերում է Ռ. Ադանալյանի նշած այն հանգամանքին, որ դատամանրաթելային փորձաքննությամբ հաստատվել է, որ Արտյոմ Ադանալյանի և Հովհաննես Թոփչյանի հագուստների մանրաթելերը համընկել են, ապա նշված փորձաքննության եզրակացությունը հաստատել է նշված անձանց հագուստների մանրաթելերի բացառապես ընդհանուր սեռային պատկանելությունը, ինչը չի կարող բավարար լինել դրանց նույնացման համար: Հիմնավոր չէ նաև Ռ. Ադանալյանի կատեգորիկ հայտարարությունն այն մասին, որ Արտյոմ Ադանալյանի մարմնական վնասվածքները հասցվել են տարբեր գործիքներով, որով ևս տուժողի իրավահաջորդը փորձել է հիմնավորել սպանությունը խմբով կատարված լինելու հանգամանքը: Դատաբժշկական փորձաքննությունների (այդ թվում՝ փորձաքննության այլ տեսակների հետ համալիր) եզրակացությունների համաձայն՝ Արտյոմ Ադանալյանի մարմնական վնասվածքները տեղակայություններվ ու առաջացման մեխանիզմերով համապատասխանում են միմյանց, պատճառվել են երկկողմանի կամ միակողմանի սուր սայր ունեցող՝ բութ կողմի մինչև 2 մմ հաստությամբ շեղբի կամ շեղբերի ներգործությունից: Այս կապակցությամբ քանիցս պարզաբանվել է, որ ինչպես բազմաթիվ դեպքերում, այս դեպքում ևս փորձագիտական հայտնի մեթոդիկաների շրջանակներում հարվածները տարբեր գործիքներով հասցնելու հնարավոր վարկածը ընդամենը չի բացառվել: Ավելին, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները տված փորձագետները դատարանում հարցաքննվելիս հայտնել են նաև, որ մարմնական վնասվածքների չափերի տարբերությունները կախված են ոչ միայն հարվածող գործիքի չափերից, այլև մի շարք այլ հանգամանքներից, այդ թվում՝ տուժողի շարժումներից, և ինքնին չեն կարող հաստատել տարբեր գործիքներով դրանք հասցված լինելը: Պնդել են նաև, որ փորձաքննության եզրակացությամբ ընդամենը չի բացառվել վնասվածքները ինչպես մեկ, այնպես էլ չափային և այլ հատկանիշներով նույնական երկու գործիքներով պատճառելը: Ընդ որում՝ Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի առաջ քաշած վարկածները շարունակաբար փոփոխվել են: Պնդելով, որ սպանությունը չի կատարվել ամբաստանյալի և տուժողի կողմից միմյանց դիմելու ձևի պատճառով, Ռ. Ադանալյանը մի դեպքում նշել է, որ սպանությունը կատարվել է կապված դեպքի վայրում՝ իրենց տանը, թմրանյութերի իրացման հետ, այնուհետև այն կապել նախորդ օրերին Ավետիք Ադանալյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունների հետ, որպես նրանից վրեժ լուծելու միջոց: Ավելի ուշ՝ Ռ. Ադանալյանը ցուցմունքներով նշել է, որ սպանությունը կազմակերպել է Շիրակի մարզպետարանի աշխատակից Լուսինե Գինոսյանը՝ իր հետ ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով: Դեպքի վայրի զննությամբ քննիչի կողմից թմրամիջոցներ կամ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ չեն հայտնաբերվել: Ավելի ուշ դեպքից շուրջ 5 ամիս անց Ռուզաննա Ադանալյանը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել կաթուցիչների բաղկացուցիչ մասեր և ծխախոտի գլանակ՝ նշելով, որ դրանք հայտնաբերվել են իրենց բնակարանում: Նշանակված փորձաքննությամբ կաթուցիչի բաղկացուցիչ մասերի վրա հայտնաբերվել է թմրաակտիվ բաղադրատարր հանդիսացող տետրահիդրոկանաբինոլ: Արդյունքում, քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կրկին զննություն է կատարվել դեպքի վայրում և դրան հարակից տարածքներում, համապատասխան փորձաքննության միջոցով ստուգվել է դեպքին առնչություն ունեցող անձանց օրգանիզմում թմրանյութի առկայությունը, որը ստացված եզրակացությամբ չի հաստատվել: Այս քրեական գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։ Ռուզաննա Ադանալյանի կողմից ներկայացված այն պնդումը, թե սպանությունը պատվիրել է Լուսինե Գինոսյանը՝ ոստիկանության ծառայողների միջոցով, ևս քննարկվել է, և դրա հետ կապված ևս որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել: Ուսումնասիրության առարկա են դարձել նաև Ռուզաննա Ադանալյանի պնդումները՝ շտապօգնության բրիգադի կողմից դեպքի վայր ուշ ժամանելու, պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու և Արտյոմ Ադանալյանին «թույն» ներարկելու վերաբերյալ: Այս առումով պարզվել է, որ տուժող Արտյոմ Ադանալյանին ներարկվել է «Ատրոպին» դեղամիջոցը, որը որպես հակախոլիներգիկ դեղ, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, ներառված է Շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղերի մեջ ներառվող դեղերի ցանկում, իսկ Հիոսցիամինի սուլֆատը, որը ներառված է թունավոր նյութերի ցանկում և որի հետքերը հայտնաբերվել են «Ատրոպինի» սրվակում, հանդիսանում է «Ատրոպին» դեղամիջոցի քիմիական բաղադրիչը: Արտյոմ Ադանալյանի սպանությանը վերջինիս հոր՝ Ավետիք Ադանալյանի մասնակցության, Հովհաննես Թոփչյանի մասնակցության, բուժքրոջ կողմից բժշկի դրդմամբ Արտյոմ Ադանալյանին թույն ներարկելու դեպքերի վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստվել են առանձին նյութեր, որոնց հիման վրա որոշումներ են կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Հարկ եմ համարում ընդգծել, որ դեռևս 2017թ. նոյեմբերի 16-ին տիկին Ադանալյանին և նրա փաստաբանին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը, լսել է նրանց կողմից ներկայացվող՝ դատաքննության վերաբերյալ ունեցած դժգոհության պատճառներն ու բերվող հիմնավորումները, տվել անհրաժեշտ պարզաբանումներ: Ադանալյանին հավաստիացվել է, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները նրա կողմից բարձրացված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Կազմակերպված ընդունելության վերաբերյալ տեղեկանքը, որում ներառվել են Ռ. Ադանալյանի փաստարկները, ուղարկվել է նաև գործով մեղադրողին՝ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում դրանք քննարկելու և ստուգելու համար: Դրանից հետո դատարանում հարցաքննված դատաբժիշկ փորձագետը ցուցմունքով հաստատել է մարմնական վնասվածքների քանակի, տեղակայումների, մեկ հարվածի հետևանքով կոնկրետ ներքին օրգանները վնասելու հնարավորության մասին իր հետևությունները: Դատական նիստի կարգը խախտելու համար Ռ. Ադանալյանի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա՝ վերջինս հեռացվել է դատական նիստերի դահլիճից: Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ Ռուզաննա Ադանալյանն առաջիկա հինգշաբթի օրը՝ մարտի 15-ին, հրավիրվել է ընդունելության ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ, ինչի շուրջ կոնկրետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս նախքան մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի առջև բողոքի ակցիայի անցկացումը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր