00:00:00

Հայաստանի քաղաքացին ինքնասպանություն է գործել Պետերբուրգի ժամանակավոր պահման մեկուսարանում

14:30, 27 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Դեկտեմբերի 24-ին Պետերբուրգի Իլյուշինի փողոցում գտնվող ժամանակավոր պահման մեկուսարանում ինքնասպանություն է գործել Հայաստանի 33-ամյա քաղաքացի Արտյոմ Գրիգորյանը։ Տղամարդը ոստիկանության 35-րդ բաժանմունքի կողմից կալանավորվել էր դեկտեմբերի 20-ին։ Հարազատները կասկածում են, որ կալանավորումը կապված է մի ժամանակ ծանոթին տված 100 000 ռուբլի պարտքը վերադարձնելու Արտյոմի մտադրության հետ՝ հայտնում է «Невские новости»-ն։ Թերթի տեղեկատվությամբ՝ Գրիգորյանը մահվանից առաջ երկտող է թողել, սակայն նրա միակ հարազատին՝ 26-ամյա կնոջը թույլ չեն տվել դրան ծանոթանալ, ինչպես նաեւ դատաբժշկական փորձաքննության բյուրոյում թույլ չեն տվել տեսնել նրա մարմինը։ Կնոջից բացի, մնացել է Արտյոմի մեկամյա երեխան։ Հարկ է նշել, որ կինն Արտյոմի մահվան մասին իմացել է հաջորդ օրը, երբ նրան այցի է գնացել։ Իրավապահներից ոչ ոք նրան այդ մասին չի տեղեկացրել։ Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ տղամարդն ինքնասպանությունը գործել է մեկուսարանի «կույր» մասում, որն ընդգրկված չէ տեսախղցիկների տեսադաշտում։ Օրվա հերթապահը չի կարողացել տեսնել, թե ինչ է պատրաստվում անել կալանավորվածը։ Հատկանշական է, որ մոտ մեկ ամիս առաջ նույն մարդու հերթափոխին փորձել է ինքնասպանություն գործել մեկ այլ կալանավորված, սակայն նրան հաջողվել է փրկել։ Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունը ծառայողական հետաքննություն կանցկացնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր