00:00:00

ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու մասին որոշումս կայացրել եմ ոչ թե վերջերս, այլ դեռևս 2016թ.-ի ապրիլին

20:00, 26 դեկտեմբեր 2018 Բլոգ

Սիրելի ընկերներ, վերջին մի քանի օրերի ընթացքում ֆեյսբուքում և վիրտուալ տիրույթից դուրս շատ ընկերներ և պարզապես ծանոթ մարդիկ ինձ ուղղում են հարցեր՝ կապված վերջին գրառումներիցս մեկի հետ, որում հայտնել եմ որոշմանս մասին՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում։ Ցանկանում եմ այժմ օգտագործելով այս տիրույթը պատասխանել այդ հարցերին և որոշումս բացատրել ավելի խորը։ Անկեղծ ասած մի քիչ անսպասելի էր շատերի կողմից այն արձագանքը, որի ենթատեքստում էր, թե իբր չարժե երկու տարի «կորցնել» կյանքից՝ ծառայության համար, մանավանդ, որ ունեմ Չինաստանում սովորելու համար տարկետում ստանալու և չծառայելու հնարավորություն։ Սիրելի ընկերներ, ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու մասին որոշումս կայացրել եմ ոչ թե վերջերս, այլ դեռևս 2016թ.-ի ապրիլին, այն արյունոտ քառօրյայի ժամանակ, երբ իմ տարիքի տղաները զոհվում էին գաղափարի համար։ Նրանք իրենց կյանքն էին տալիս, քանի որ պաշտպանում էին նաև ի՛մ ընտանիքը, նաև ի՛մ տունն ու ինձ, իսկ ես՝ լինելով ուսման մեջ և չկարողանալով ոչ մի կերպ օգտակար լինել, կյանքում առաջին անգամ ունեցա մի զգացմունք, որը փոխեց իմ մտածելակերպը՝ դա անպետք լինելու զգացումն էր։ Սակայն անպետք մարդ լինելն իմ գենի և իմ տեսակի համար չէ։ Մի պահ անգամ որոշեցի թքած ունենալ համալսարանի և ուսման վրա, այդ օրերին գալ Հայաստան և գնալ պատերազմ և միայն հորս կշտամբանքի խոսքն ինձ սթափեցրեց այդ հուզական՝ ոչ ռացիոնալ որոշումից։ Սակայն մի բան արդեն պարզ էր և անդրդելի. ես որոշել էի, որ բացակայությունս պե՛տք է փոխհատուցեմ, ու հենց այդ իրողությանն է պատկանում ծառայության անցնելու որոշումս։ Ինչու՞ ոչ, որոշմանս մեջ նաև դեր ունեն բոլոր ծանոթներն ու անծանոթ ֆեյսբուքյան ֆեյքերը, ովքեր իմ հայտնած ցանկացած կարծիքի մեկնաբանություններում նախկինում երեսով էին տալիս այն, որ ձայնս «տաք տեղից» է դուրս գալիս, որ չեմ ծառայել ու իրավունք չունեմ քննադատելու մյուսներին։ Այո՛, որոշ չափով նաև համաձայն եմ այդ քննադատության հետ, և ծառայությունից հետո այս առումով ևս կլինեմ անխոցելի, քանի որ իմ ողջ գիտակից կյանքում չի եղել, չկա և չպետք է լինի որևէ հանգամանք, որի պատճառով պետք է կախեմ գլուխս և ասելու բան չունենամ։ Կարծում եմ, ինձ մոտ ստացվեց հանգամանալից և առանց ավելորդ հուզականության բացատրել բոլոր այն դրդապատճառները, որոնք ինձ ստիպել են վերադառնալ Հայաստան և ծառայել։ Շնորհակալ կլինեմ ինձ հասկանալու համար։ Վաչիկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր