00:00:00

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մանկական քաղցկեղի դեմ պայքարում

22:53, 25 դեկտեմբեր 2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը, ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, մանկական ուռուցքաբան, արյունաբան, ԱՆ խորհրդատու Գևորգ Թամամյանը, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, ԱՆ hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար Լիանա Բարսեղյանը, փորձագետ Գևորգ Սիմոնյանը: «Ինչքան էլ որ հարուստ լինեն պետությունները, միշտ հասարակական սեկտորի և բարեգործների կարիքը կա»,- ասել է Արսեն Թորոսյանը կարևորելով հիմնադրամի գործունեությունը: Թորոսյանը շեշտել է, որ քաղցկեղի դեմ պայքարն այն կարևոր ուղղություններից մեկն է, որ որդեգրել է նախարարությունը: «Գիտեմ, որ Ձեր ղեկավարած հիմնադրամը լուրջ աշխատանք է կատարում մանկական քաղցկեղի դեմ պայքարում և կցանկանամ, որ մենք համագործակցենք և աշխատանքը միաժամանակ ընթանա, որպեսզի կարողանանք հասնել արդյունքների»,- ասել է Արսեն Թորոսյանը: Թորոսյանը ներկայացրել է նաև առողջապահության նախարարության հիմնական ուղղությունները և տեսլականը: Տիկին Աննա Հակոբյանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին ծանոթացրել է քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքներին ու ապագա ծրագրերին: «Քաղցկեղն այնքան բարդ ոլորտ է, որ չենք կարող այն ամբողջովին պետության ուսերին թողնել և մեր մոտեցումն այն է, որ  ես՝ որպես վարչապետի պաշտոնակատարի տիկին, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պատրաստ եմ աջակցել և պատրաստ եմ նաև հանձնարարություններ ստանալ և կատարել ի նպաստ քաղցկեղի դեմ պայքարի»,- շեշտել է տիկին Աննա Հակոբյանը: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը ուռուցքաբանության ոլորտում, Աննա Հակոբյանը շեշտել է, որ համատեղ  աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել դրական արդյունքի: Նշվել են նաև այն ուղղությունները, որոնց շուրջ հիմնադրամը նախատեսում է աշխատել առաջիկայում: Հետագա համագործակցության համար ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր