00:00:00

Արմեն Սարգսյանը Հայաստանի և Հնդկաստանի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորություններ է տեսնում

21:59, 25 դեկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հիասքանչ է որակում հայ-հնդկական հարաբերությունները:  ՀՀ նախագահը նման կարծիք է հայտնել հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված  հարցազրույցում: «Մեր երկու երկրների հարաբերությունները պատմականորեն հիասքանչ են: Կարծում եմ՝ մարդիկ չեն գիտակցում, որ մեր պատմությունը ոչ թե մի քանի դարի, այլ մի քանի հազար տարվա վաղեմություն ունի: Հնդկաստան ճանապարհորդելու ընթացքում ես հանդիպեցի մեր առևտրային, մշակութային, նույնիսկ լեզվական հարաբերությունների բազմաթիվ վկայությունների, որոնք իսկապես շատ խորն են: Հայերենը յուրահատուկ լեզու է, այն առանձին ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանիքում: Եվ եթե ուսումնասիրենք ազգերի պատմությունը՝ հիմնված լեզուների վրա, զարմանալի բացահայտումներ կարող ենք անել: Իմ որդու անունը Վարդան է, որը ձեր լեզվից թարգմանաբար նշանակում է «Աստծո պարգև»: Ես ճի՞շտ եմ: Ստացվում է, որ այդ բառը գալիս է հին հնդկերենից, և Վարդանը միայն իմ որդու անունը չէ: Այն նաև ազգային հերոսի և սրբի անուն է, ով ավելի քան 1700 տարի առաջ առաջնորդում էր հայկական զորքերը պարսիկների դեմ պայքարում: Սարգսյանների ընտանիքը, որից ես սերում եմ, գալիս է Կալկաթայից, այնուհետև նրանք տեղափոխվել են Հոնկոնգ, իսկ հետո՝ Սինգապուր: Սինգապուրի հայտնի հյուրանոցը հիմնադրվել է Սարգսյանների ընտանիքի կողմից: Այս ամենը փաստում է, որ մեր հարաբերությունները շատ ավելի երկար պատմություն ունեն»,- ասել է ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանը լրագրողին խորհուրդ է տվել  այցելել Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ, որտեղ  կգտնի  հնդկական մշակույթի հիասքանչ օրինակներ: «Այսօր Հնդկաստանն ու Հայաստանը մի կարևոր արժեք են կիսում: Երկուսն էլ կարևորում են մարդու ուժը: Հնդկաստանը մեծ երկիր է, ունի հսկայական բնական ռեսուրսներ, բայց ձեր ամենամեծ հարստությունը մարդիկ են: Նույնն էլ այստեղ է: Սա 21-րդ դարն է, և բնական ռեսուրսներն այսօր իրենց տեղը զիջում են մարդկանց, նորարարություններին ու ստեղծարարությանը: Մենք շատ բան ենք կիսում, և ես կարծում եմ, որ մենք Հնդկաստանի հետ կարող ենք անել շատ ավելին: Սրանք պարզապես քաղաքական գործչի բառեր չեն: Ես շատ հնդիկ գործարարների եմ ճանաչում, որոնց հետ քննարկել եմ բոլոր հնարավորությունները, որոնցով մենք կարող ենք համագործակցել՝ հատկապես ՏՏ ոլորտում: Դա մի պարզ պատճառ ունի՝ Հնդկաստանում ՏՏ ոլորտը հսկայական է»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր