00:00:00

Երևանում ագռավազգիների անկումը հիվանդության հետևանք չէ

17:36, 24 դեկտեմբեր 2018

Երեւանում ագռավազգիների անկումը հիվանդության հետեւանք չէ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Հաղորդագրությունում ասվում է. «Զանգվածային լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են հնչում անկող թռչունների վերաբերյալ, ինչը հարուցել է մի շարք քաղաքացիների անհանգստությունը: Տեղեկացնում ենք, որ Երեւանում ագռավների անկումները որեւէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երեւակայության արդյունք կարող է լինել: Տրամաբանությունը հուշում է, որ Երեւանում չէին կարող արձանագրվել բացառապես ագռավազգիների (չափսով մեծ թռչունների) անկման դեպքեր, եւ ոչ մի դեպք վայրի մանր կամ ընտանի, այդ թվում՝ դեկորատիվ թռչունների անկման: Հիշեցնենք, որ հայտնաբերված ագռավների մոտ լաբորատոր հետազոտությամբ հիվանդություններ չեն հայտնաբերվել, այլ առկա են եղել միայն ակնհայտ մեխանիկական բնույթի վնասվածքներ: Ինչ վերաբերում է Շիրակի մարզում հավերի անկման պատճառներին, ապա, լաբորատոր հետազոտության արդյունքում, արձանագրվել է թռչնի Նյուքասլյան կամ կեղծ ժանտախտ հիվանդությունը: Հիվանդության պատճառը վիճակագրական ծառայության եւ գյուղում փաստացի առկա թռչունների քանակների անհամապատասխանությունն է եղել, ինչի պատճառով մի շարք թռչուններ չեն պատվաստվել: Հավելենք նաեւ, որ թռչունների Նյուքասլյան հիվանդությունը զոոնոզ հիվանդություն չէ եւ չի փոխանցվում թռչնից մարդուն: Հ.Գ. Երեւանում անասնաբույժների կողմից իրականացվել են շրջայցեր աղբաշատ վայրերում (աղբանոցներ եւ այլ): Անկած ագռավներ եւ այլ թռչուններ չեն հայտնաբերվել: Հաշվի առնելով նաեւ շրջանառվող լուրերն ու լաբորատոր արձանագրությունները, ագռավազգիների անկման շարունակական լինելու դեպքում, Տեսչական մարմինը կդիմի ոստիկանությանն՝ առաջարկելով «որսորդներին» բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր