Էջմիածնում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Բողոքի գործողությունները սկսվել են դեկտեմբերի 21-ի գիշերվանից, երբ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվելու 25 միլիոն դրամ գրավի դիմաց:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Գրիգորյանը հայտնել է, որ վաղը՝ երկուշաբթի առավոտյան իրենք լինելու են Երեւանում՝ բողոքը շարունակելու Արդարադատության նախարարության մոտ:
Մասնակիցները փոխանցել են նաեւ, որ իրենց դժգոհությունն ու բողոքը Նիկոլ Փաշինյանի կառավարության կամ իշխանությունների աշխատանքի հետ որեւէ կապ չունի, իրենք գիտեն, որ իրենց բողոքի ձայնը տեղ հասել է, սակայն չեն հասկանում արդարադատության համակարգի պատասխանատուների լռությունը:
Ջիվան Գասպարյանը նաեւ հայտնել է, որ իրենք չեն կարող Ամանորին ընդառաջ նման նվեր ընդունել, մանավանդ, որ չկան հստակ հիմնավորումներ, թե ինչ հիմքով ազատ արձակվեց Մանվել Գրիգորյանը: Բողոքի ակցիաների մասնակիցները սպասում են լայն աջակցության Երեւանում՝ նախարարության շենքի մոտ, քանի որ, ըստ իրենց, խնդիրն Հայաստանի ամբողջ բնակչությանն է հետաքրքրում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները փակել էին ինչպես Էջմիածին քաղաքի փողոցները, այնպես էլ Երևան-Արմավիր մայրուղին, դեպի քաղաք տանող բոլոր փողոցները: Նրանք պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի:
Նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել էր Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարներից մի քանիսի հետ: Ոստիկանապետը վստահեցրել էր, որ որեւէ արտառոց բան տեղի չի ունենա, ոստիկանները 24 ժամ ծառայություն են իրականացնում Մանվել Գրիգորյանի Ակնալճի առանձնատան մոտ, որտեղ այժմ գտնվում է վերջինս, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: