Հարգելի պարոն վարչապետ
Ճիշտն ասած երբևիցե չէի մտածի, որ Ձեզ կդիմեմ նաև այս ճանապարհով, քանի որ ինչպես հարկն է Ձեզ դիմել եմ նամակով, որին ի պատասխան Ձեր կողմից քանիցս հանձնարարական է եղել Մշակույթի նախարարություն, որպեսզի վերջինս ուսումնասիրի իմ կողմից բարձրացված խնդիրները՝ այն է-1. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն), որպես նախկին աշխատող անօրինական ազատման և 2. նախկին իշխանություների կողմից և բարձր հովանավորությամբ (որը ցավոք շարունակվում է մինչ այսօր) Կ. Օրբելյանին ՀՀ օրենսդրության խախտումներով հիշյալ կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակման հարցերով ու արդյունքների մասին տեղեկացնեն թե Ձեզ և թե ինձ։
Չնայած այն հանգամանքին, որ Մշակույթի նախարարությունը արդեն շուրջ յոթ ամիս է պարզել է և ունի հստակ պատասխաններ թե առաջին և թե երկրորդ հարցերի շուրջ, սակայն ոչ մի կերպ չի կարողանում իր իրավասությունների շրջանակում կոնկրետ գործողություններ ձեռնարկի։
Այսօր ես կանդրադառնամ միայն երկրորդ հարցին, քանի որ ինչպես հասկացա, եթե օրինական դաշտում չլուծվի Կ․Օրբելյանի անօրինական նշանակման հարցը, անտրամաբանական է առայժմ հասնել անդրադառնալ առաջին հարցին, որի կատարումը կապված է առայժմ Կ․ Օրբելյանի հետ։
Հարգելի վարչապետ ինչու չեն կարող բոլորը հավասար լինեն օրենքի առջև, խտրականությունը վերանա ու արդարությունը վերականգնվի։
Մինչև Ձեզ և հանրությանը ներկայացնելը այն բոլոր հիմնավորումներն ու օրենքի խախտումները և Մշակույթի նախարարության նախաձեռնություններն ու դրանց արդյունքները, տեղեկացնեմ Ձեզ, թե ինչու եմ ստիպված այս ձևաչափով դիմում, որովհետև արդեն երեք օր է Մշակույթի նախարարը և փոխնախարար Նազենի Ղարիբյանը պարզ արտահայտվեցին, որ չնայած այն հանգամանքին, որ փաստերը խոսում են, որ պետք է Կ․ Օրբելյանի լիազորությունները, որպես օպերային թատրոնի տնօրեն դադարեցվեն, սակայն իրավիճակ է փոխվել, այն է – ցիտում եմ վերջիններիս խոսքը <<Նիկոլ Փաշինյանը առայժմ թույլ չի տալիս, մենք անզոր ենք ինչ- որ բան անելու․․․ դե հասկացեք Կ․Օրբելյանը պակաս մարդ չէ․․․Դուք Ճիշտ եք․․․ճիշտ կլինի բունտ կազմակերպեք․․․>> և նմանատիպ անհեթեթություններ՝ բարոյականությունից և արդարությունից դուրս։
Հարգելի պարոն Վարչապետ միթե այս գործելաոճի համար ենք ոտքի ելել և հեղափոխություն արել, միթե կան արտոնյալներ, միթե օրենքը կիրառելու համար պետք է ցույց կամ <<բունտ>> անել։ Ինչևէ կրկին անգամ ներկայացնում եմ Ձեր և հանրության դատին այն ինչ արդեն յոթ ամիս է ներկայացրել եմ թե Ձեզ և թե Մշակույթի նախարարություն։
- Ստորև ներկայացնում եմ ՀՀ կառավարության և ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարված օրենսդրության խախտումները.
Պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն (նշանակումն) իրականացվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համապատասխան: Հիշյալ Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի համաձայն 07.04.2005 թվականից մինչև 03.08.2017 թվականը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն (նշանակումն) իրականացվել է բացառապես բաց մրցութային կարգով և որևէ խտրականություն չի կիրառվել որևէ տնօրենի նշանակման ժամանակ: Որոշմամբ սահմանվել են նաև տնօրենի ընտրության (նշանակման) պարտադիր և լրացուցիչ պայմանները, սահմանափակումները և այլ դրույթներ: Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին»:
ՀՀ մշակույթի նախարարի (Ա. Ամիրյանի) 2017 թվականի փետրվարի 3-ի N 3-Ա հրամանի համաձայն՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Անդրանիկ Արզումանյանը (իր դիմումի համաձայն) ազատվել է տնօրենի պաշտոնից: ՀՀ մշակույթի նախկին նախարար Ա. Ամիրյանը հիմք ընդունելով՝ Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.3-րդ կետի պահանջն, որի համաձայն՝ «Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով» և ՀՀ նախկին Նախագահի և առաջին տիկին Ռ. Սարգսյանի բարձր հովանավորությամբ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կ. Օրբելյանին: Վերջինս որպես տնօրենի պաշտոնակատար այդ պաշտոնը կարող էր զբաղեցնել մինչև 03.08.2017 թ.: Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի համաձայն մինչև վեց ամիսը լրանալը պետք է հայտարարվեր թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ, սակայն, քանի որ իշխանության միակ թեկնածուն դա Կ. Օրբելյանն էր, իսկ վերջինս էլ չէր բավարարում Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի պահանջները, այն է չուներ ՀՀ քաղաքացիություն և ընդհանրապես չէր տիրապետում հայերենին (7-րդ կետի համաձայն պետք է տիրապետր գրական հայերենին), հետևաբար չէր կարող մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթին: ՀՀ մշակույթի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 380-Ն հրամանով հաստատված կարգի 8-րդ կետի համաձայն՝ «մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի միջոցով», Օրբելյանը չտիրապետելով հայերենին չէր կարող լուծել օրենսդրության վերաբերյալ հայերեն թեստերը ու առաջին փուլը հաղթահարելու դեպքում էլ մասնակցեր հարցազրույցի փուլին:
ՀՀ քաղաքացիության հարցը շատ արագ լուծվեց և ՀՀ նախկին Նախագահ Ս. Սարգսյանը շնորհեց ՀՀ քաղաքացիություն, իսկ մրցութային կարգով չնշանակվելու հարցին այլ լուծում տրվեց, մասնավորապես՝
- ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ նախկին Նախագահ Ս. Սարգսյանի բանավոր հանձնարարության հիման վրա մշակել և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հիշյալ նախագծով առաջարկվել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը առանց մրցութային կարգի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակել այն անձին, ով հանդիսացել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթի հիմնադիր, համաշխարհային ճանաչում ունեցող փառատոնի կազմակերպիչ և ունի հեղինակավոր ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ»:
- ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39-Ա հրամանով Կ. Օրբելյանը առանց մրցույթի նույն թվականի օգոստոսի 3-ից նշանակվեց թատրոնի տնօրեն: Հիշյալ հրամանի նախաբանում, որպես հրամանի ընդունման իրավական հիմք նշված է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի չորրորդ պարբերության դրույթը: Այդ դրույթը ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ լրացվել է ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 27-ին ընդունված N 883-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2017 թվականի օգոստոսի 3-ից: Փաստորեն նախարարի հիշյալ հրամանի ընդունման համար հիմք հանդիսացող նորմատիվ իրավական ակտը (N 883-Ն որոշումը) դեռևս օրենքով սահմանված կարգով ուժի մեջ չէր մտել, հետևաբար այն իրավաբանական ուժ չուներ և չէր կարող կիրառվել: Այդ պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում», նույն օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե իրավական ակտը ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի կամ դրա մասի է ընդունվում, ապա ընդունվող իրավական ակտի նախաբանում հղում է կատարվում այդ իրավական ակտին` նշելով դրա կրճատ անվանումը և դրա համապատասխան մասը»: ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39-Ա հրամանը հակասում է օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, որի համաձայն՝ «Արգելվում է հղումներ կատարել սահմանված կարգով ուժի մեջ չմտած իրավական ակտերին»: Հիշյալ հրամանը հակասում է նաև օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որի համաձայն՝ «Սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (իրավական հետևանքներ չեն առաջացնում և իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն)»: Նույն օրենքի 61.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ «Սույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առ ոչինչ են և ենթակա չեն կատարման կամ կիրառման: Իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»: Նույն օրենքի 92-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ «Սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն»:
- Մինչև տնօրենի պաշտոնում նշանակվելը Կ. Օրբելյանը թատրոնում զբաղացնում էր գեղարվեստական ղեկավարի հաստիքը: ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39-Ա հրամանով Կ. Օրբելյանը առանց մրցույթի նույն թվականի օգոստոսի 3-ից թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո էլ շարունակել է համատեղությամբ զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, այնինչ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն միչև տնօրենի պաշտոնում նշանակվելը պետք է ազատվեր գեղարվեստական ղեկավարի պաշտոնից (իրավունք չուներ այլ պաշտոն զբաղեցնել), ինչը չի արվել, ավելին 2017 թվականի աշնանը կազմակերպության կառուցվածքում կատարվել է համապատասխան փոփոխություններ, ինչի արդյունքում թատրոնում ստեղծվել է գլխավոր դիրիժորի հաստիքը (գլխավոր դիրիժորի հաստիքը 6-7 ամիս առաջ էր հանվել նախորդ տնօրենի կողմից) և երկու տարբեր հաստիքներ միավորելով դարձրել են մեկ հաստիք (ինչը չի բխում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 872-Ն հրամանով հաստատված աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչից, որի համաձայն դրանք առանձին պաշտոններ են)՝ գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր, որը նույնպես զբաղեցնում է Կ. Օրբելյանը: Փաստորեն Կ. Օրբելյանը տնօրեն նշանակվելուց հետո զբաղեցրել է 3 պաշտոն՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի: