Թուրքական «Demokratikstrateji» կայքի կովկասյան հետազոտությունների փորձագետ Գամզե Քոլիվարն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
«Հարց է առաջանում. Փաշինյանի կողմից երկար ժամանակ շրջանառվող «առանց նախապայմանի հարաբերություններ» բառակապակցությունը ներառո՞ւմ է ղարաբաղյան հարցը և ցեղասպանության թեման, իհարկե, ոչ: Ահա թե ինչու կարող եմ ասել, որ «առանց նախապայմանի» այդ արտահայտությունը շատ անկեղծ չէ»,- մեկնաբանում է թուրք փորձագետը՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիան երբեք չի վճռի անտեսել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առանց ԼՂ վերաբերյալ նախապայմանների: