00:00:00

«Մեկը մյուսին հուշելով, ընտրում են». Ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեն ստացել է 12 հաղորդում

23:42, 09 դեկտեմբեր 2018

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 18:00-ի  դրությամբ, ստացվել է 12 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ  ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերեւույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ստացված հաղորդումներից 1-Երեւանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1 ական Վայոց Ձորի, Արարատի եւ Արմավիրի մարզերում: Առերեւույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ստացված նյութերի համաձայն՝ քաղաքացի Ա.Լալայանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ 8/19 ընտրատեղամասում քաղաքացիները, «մեկը մյուսին հուշելով, քվեաթերթիկ ցույց տալով կողքինին, ընտրում են»: Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված թիվ 35/61 տեղամասում արձանագրված դեպքով՝ Մեղրի քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակչուհին, ով հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, ընտրություն կատարելուց հետո փորձել է քվերակություն կատարելու գործում օգնել նույն դիսպանսերում հաշվառված քրոջը, սակայն սխալմամբ ներկայացրել է իր նույնականացման քարտը, որի հետեւանքով գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ: ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք  ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու եւ գործունեությունը համակարգելու նպատակով: Նշենք նաեւ, որ Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում հաստատվել էր  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Որոշման նախագծի ընդունմամբ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի՝ Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության «Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունը» վերանվանվել է «Ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչություն»: Վարչության ստեղծումը հնարավորություն է ընձեռում ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կատարել մասնագիտացված քննիչների կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր