00:00:00

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին

23:57, 12 մարտ 2018 Տնտեսություն

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին: Ողջունելով հյուրին՝ Սարգսյանը կարևորել է նրա գլխավորած պատվիրակության հերթական առաքելության այցը Հայաստան ԱՄՀ-ի հետ համագործակցության նոր ծրագրի բանակցություններից առաջ և հույս հայտնել, որ այցն արդյունավետ կլինի զարգացման հետագա ծրագրերի, թիրախային ուղղությունների, ինչպես նաև ընթացիկ խնդիրների ու մարտահրավերների շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից: Նախագահը տեղեկացրել է, որ ներկայումս մշակման փուլում է մինչև 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը, ուստի, ըստ նրա, ԱՄՀ առաքելության այցը և հիմնադրամի թիմի կարծիքն ու գնահատականները այդ ռազմավարության մեջ նախանշված թիրախների վերաբերյալ բավականին օգտակար կլինեն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անցած տարիներին ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ նշելով, որ միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՀ-ի ակտիվ մասնակցությամբ Հայաստանում իրագործված համատեղ ծրագրերի շնորհիվ հնարավոր է դարձել ամենատարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնել և բարձրացնել տնտեսության արդյունավետությունը: Նախագահը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին այդ աջակցության, իսկ գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին՝ ՀՀ շահերը ԱՄՀ-ում պատշաճ ներկայացնելու համար: Նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է իրականացնելու ԱՄՀ նախորդ ծրագրից բխող բարեփոխումներն ու կառուցվածքային փոփոխությունները, որոնք կրելու են շարունակական բնույթ: ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյը ևս դրվատանքով է խոսել հիմնադրամի հետ Հայաստանի նախորդ ծրագրի հաջող իրականացման մասին և հույս հայտնել, որ հաջորդ ծրագիրը նույնպիսի արդյունավետությամբ կմշակվի և հաջողությամբ կյանքի կկոչվի: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տնտեսական աճը պետք է ներառական և զգալի լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, ուստի հետագա համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն նաև այդ նպատակին: Ընդգծելով, որ Հայաստանն արդեն իսկ ճիշտ ճանապարհի վրա է՝ ԱՄՀ գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման և նրա քաղաքացիների բարեկեցության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր