Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երեւանի քաղաքապետարանը սկսել է Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքներ այն պարագայում երբ որոշում չկա:
«Երբ գարունը չեկած կկուն կանչում է։
Առաջիկա Երևանի ավագանու՝ մարտի 19-ի նիստում քննարկվելու է բյուջեում փոփոխությունների նախագիծ, համաձայն որի նախատեսվում է 55 միլիոն դրամ հատկացնել Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի հիմնանորոգման համար։
Ուրեմն դեռ նիստը չեղած, նախագիծը չքննարկած, որոշումը չընդունված քաղաքապետարանը հայտարարել է երթևեկության միակողմանի դադարեցման և աշխատանքները սկսելու մասին։
Երևանի ավագանիում #ԱփալիԹափալի-ի վերաբերյալ բացատրությունները դեռ կստանանք»,- գրել է Անի Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանից տարածել էին հաղորդագրություն համաձայն, որի Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, ս/թ. մարտի 3-ից, ժամանակավորապես, 2 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:
Ըստ էության Երեւանի քաղաքապետարանում արդեն իսկ գուշակել են, որ համապատասխան որոշումը կընդունվի, հետեւաբար սկսել են շինաշխատանքները: