00:00:00

Դատավորը 30 մլնի նվեր է ստացել․ «Ժողովուրդ»

08:21, 24 նոյեմբեր 2026 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայցով գործի էությունը դեռ չէր քննվել, երբ դատարանն արդեն սահմանափակել էր Էդմոն Մարուքյանի՝ իր միջոցները տնօրինելու հնարավորությունը։ Դատավոր Աննա Շիլաջյանը երեկ էլ որոշել է Փաշինյանին դատարան հրավիրել՝ լսելու, թե ինչ է զգացել վիրավորանքի պահին։

Հուլիսի 26-ին «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը հայտարարեց, որ իր գույքի և բանկային հաշիվների վրա արգելանք է դրվել Փաշինյանի պահանջած փոխհատուցման ամբողջ չափով՝ 6 մլն դրամի սահմաններում։

Վեճի առիթը Մարուքյանի՝ հունիսի 9-ին հրապարակած «Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին» վերնագրով տեսանյութն էր։ Հայցը դատարան է մուտքագրվել հուլիսի 9-ին, հաջորդ օրը մակագրվել Շիլաջյանին։ Փաշինյանը պահանջել է հրապարակային ներողություն, հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում։

Գործով երեկ նոր զարգացում է եղել նոյեմբերի 23-ին։ Շիլաջյանի նախագահությամբ դատարանը բավարարել է Մարուքյանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի միջնորդությունը՝ դատաքննության ընթացքում Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու մասին։

Դատական դեպարտամենտից՝ դատավորի աթոռին․

Իսկ ով է դատավորը։ Աննա Շիլաջյանը ծնվել է Գյումրիում, ավարտել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։ Մինչև դատավոր նշանակվելը նա աշխատել է Արդարադատության խորհրդի աշխատակազմում և Դատական դեպարտամենտում։ Վերջին պաշտոնը դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ 2023 թվականի մայիսի 2-ին ԲԴԽ-ն Կարեն Անդրեասյանի նախագահությամբ դռնփակ նիստում որոշել է Շիլաջյանի թեկնածությունն առաջարկել Հանրապետության նախագահին։ Նշանակման հրամանագիրը ստորագրվել է մայիսի 8-ին, իսկ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված ամսաթիվը հունիսի 6-ն է։

Բնակարանի կեսը՝ գնմամբ, երկրորդ մեքենան՝ նվիրատվությամբ․

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է գործը քննող դատավորի հայտարարագրերը, համադրել է դատավորի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագիրն ու 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզել, թե ինչպես է փոխվել նրա ունեցվածքն ու ֆինանսական վիճակը։

Դատավորի հայտարարագրերից պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու պահին նրա անունով սեփականության իրավունքով անշարժ գույք գրանցված չի եղել, սակայն փաստացի տիրապետման ներքո եղել է բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով։ 2025 թվականի հայտարարագրում արդեն առկա է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան, որի 50 տոկոսը պատկանում է դատավորին։

2023 թվականին Շիլաջյանը հայտարարագրել էր 39 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո կանխիկ դրամական միջոց, իսկ 2025 թվականի տարեվերջին՝ 10 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ հայտարարագրված կանխիկ միջոցների կազմում եվրոն այլևս նշված չէ, իսկ դոլարային միջոցները նվազել են 29 հազարով։

Անշարժ գույք․

2023 թվականի օգոստոսի 30-ին ներկայացված՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի հայտարարագրում Աննա Շիլաջյանի անունով սեփականության իրավունքով անշարժ գույք գրանցված չի եղել։ Միաժամանակ, փաստացի տիրապետվող գույքի բաժնում նշված է եղել անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի տարեկան հայտարարագրում արդեն նշված է բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Այն ձեռք է բերվել 2023 թվականի հոկտեմբերի 13-ին՝ գնման եղանակով, բաժնային սեփականության իրավունքով։ Դատավորին պատկանում է բնակարանի 50 տոկոսը։

Այսպիսով, պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարագրում հայտնվել է գնմամբ ձեռք բերված բնակարանի բաժնեմաս։

Տրանսպորտային միջոցներ․

2023 թվականին Աննա Շիլաջյանը հայտարարագրել էր մեկ ավտոմեքենա՝ 2015 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի։ Այն ձեռք էր բերել 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ նվիրատվության եղանակով։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց նաև 2025 թվականի հայտարարագիրը և արձանագրեց, որ Mercedes-Benz ավտոմեքենան պահպանվել է, սակայն դատավորի ավտոմեքենաների ցանկը համալրվել է ևս մեկով։

2025 թվականի մայիսի 12-ին նա նվիրատվությամբ ձեռք է բերել 2020 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա։ Դրա ձեռքբերման արժեքը հայտարարագրում նշված է 0 դրամ։ Նվիրատուն Սամվել Շիլաջյանն է։

Այսպիսով, 2025 թվականի տարեվերջին դատավորն ունեցել է երկու ավտոմեքենա։

Եկամուտ․

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 7 մլն 610 հազար 635 դրամ։ Դրանցից 3 մլն 98 հազար 326 դրամը աշխատանքի վարձատրությունն էր՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից, իսկ 4 մլն 512 հազար 309 դրամը ստացվել էր նվիրատվության կամ օգնության կարգով՝ Սամվել Արամայիսի Շիլաջյանից։

Իսկ 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ դատավորի ընդհանուր եկամուտները կազմել են 46 մլն 489 հազար 725 դրամ։

Այդ գումարից 12 մլն 509 հազար 221 դրամը աշխատանքի վարձատրություն է՝ Դատական դեպարտամենտից։ Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված միջոցները կազմել են 30 մլն 345 հազար դրամ։ Դրանցից 500 հազար դրամը ստացվել է Հերմինե Շիլաջյանից, իսկ 29 մլն 845 հազար դրամը՝ Սամվել Շիլաջյանից, Հերմինե Շիլաջյանից և Արմեն Սարգսյանից։

Բացի այդ, դատավորը ստացել է 3 մլն 563 հազար 504 դրամ եկամտային հարկի վերադարձ և 72 հազար դրամ այլ եկամուտ՝ «Արդշինբանկից»։

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ 2025 թվականի հայտարարագրում նվիրատվությունների և օգնության տեսքով ստացված գումարները կազմում են եկամուտների զգալի մասը։

Դրամական միջոցներ․

2023 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Աննա Շիլաջյանի բանկային հաշիվներում եղել է ընդհանուր 329 հազար 195 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 20 հազար եվրո և 39 հազար ԱՄՆ դոլար։

2025 թվականի տարեվերջին բանկային հաշիվների մնացորդը կազմել է 980 հազար 910 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10 հազար ԱՄՆ դոլար։

Այսպիսով, բանկային հաշիվներում առկա գումարը 2023 թվականի հայտարարագրի համեմատ ավելացել է 651 հազար 715 դրամով, մինչդեռ կանխիկ դոլարային միջոցները նվազել են։ 2025 թվականի հայտարարագրում եվրոյով կանխիկ գումար այլևս նշված չէ։

Վարկային պարտավորություններ․

«Ժողովուրդ» օրաթերթը համեմատեց նաև դատավորի վարկային պարտավորությունները։

2023 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 3 մլն 250 հազար 318 դրամ։ Հայտարարագրված է եղել երկու վարկային պարտավորություն՝ 2 մլն 296 հազար 49 դրամ և 954 հազար 269 դրամ մնացորդներով։

Իսկ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկերի մայր գումարի մնացորդն արդեն կազմել է 45 մլն 884 հազար 595 դրամ։ Հայտարարագրում նշված է հինգ վարկ, որոնցից մեկի նպատակային նշանակությունը բնակարանն է։ Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 8 մլն 898 հազար 522 դրամ։

Այսպիսով, 2023 թվականի համեմատ դատավորի հայտարարագրված վարկային պարտավորություններն ավելացել են ավելի քան 42,6 մլն դրամով։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Աննա Շիլաջյանի ունեցվածքն ու ֆինանսական պատկերը 2023 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո էական փոփոխությունների են ենթարկվել։ Եթե 2023 թվականին նրա անունով սեփականության իրավունքով անշարժ գույք գրանցված չէր, ուներ մեկ՝ 2015 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենա, բանկային հաշիվներում՝ 329 հազար 195 դրամ, կանխիկ՝ 39 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո, ապա 2025 թվականի տարեվերջին արդեն հայտարարագրել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակարանի 50 տոկոս բաժնեմաս, երկու ավտոմեքենա՝ Mercedes-Benz և BMW, բանկային հաշիվներում՝ 980 հազար 910 դրամ և կանխիկ՝ 10 հազար ԱՄՆ դոլար։ Միաժամանակ, նրա վարկային պարտավորությունները 3 մլն 250 հազար 318 դրամից հասել են 45 մլն 884 հազար 595 դրամի, իսկ 2025 թվականի ընդհանուր եկամուտները կազմել են 46 մլն 489 հազար 725 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր